Ղարաբաղում էսկալացիան հստակ ցույց կտա, որ այնտեղ էթնիկ զտում է տեղի ունենում. Սիլաև
18 Օգոստոսի 2023, 18:09
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ին տված հարցազրույցում վերլուծել է Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստը և իր կարծիքը հայտնել տարածաշրջանում ռազմական էսկալացիայի վերաբերյալ։ «Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի: Սա է գլխավորը, ինչ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, մանրամասները կարելի է քննարկել հետագայում»,- նշել է փորձագետը։
Մեկնաբանելով Անվտանգության խորհրդում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումների նմանությունը՝ Նիկոլայ Սիլաևը եկել է այն եզրահանգման, որ երկրներն առաջնորդվել են բարի մտադրություններով։
«Սա ընդհանուր դիրքորոշում է, քանի որ այն արտացոլում է ողջախոհությունը և ուղղակի մարդասիրությունը: Այստեղ չկա որեւէ քաղաքականություն, չկա որեւէ կարգավիճակ: Ուղղակի պետք է, որ մարդիկ գոյատևելու հնարավորություն ունենան»,- ասել է Սիլաևը։ Անդրադառնալով Բերձորի միջանցքի այլընտրանքին, որն առաջարկում է Ադրբեջանը՝ Սիլաևը պարզաբանել է.
«Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ տրանսպորտային հաղորդակցությունը պետք է անցնի Աղդամով, և դա սխալ է՝ նյութատեխնիկական ապահովման և եռակողմ հայտարարության պահանջների տեսանկյունից։ Այս սպառնալիքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի պաշտոնական հայտարարությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը հանցագործ են, պարզապես, այն փաստով, որ նրանք հավատարիմ են չճանաչված հանրապետության իշխանություններին: Եթե Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի խաղաղ վերաինտեգրմանը իր կազմում, ապա, իհարկե, այս դիրքորոշումը այնքան էլ արդյունավետ չէ, և այն պետք է փոխվի»,- ընդգծել է Սիլաևը:
«Ես չէի ակնկալում, որ բանաձեւ կընդունվի, թեեւ պետք է հետեւել, թե ինչպես է զարգանում իրավիճակը։ Հնարավոր է, որ ինչ-որ պահի բանաձեւը հայտնվի օրակարգում։ Ուրիշ բան, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այնքան էլ լավ հիշողություն չունի՝ կապված Ղարաբաղի վերաբերյալ նախկինում ընդունված, բայց չկատարված բանաձեւերի հետ։ Իսկ Անվտանգության խորհուրդը չի ընդունի մեկ այլ բանաձեւ, որի շուրջ ռիսկ կա, որ այն չիրագործվի»,- պարզաբանել է Սիլաեւը։
Փորձագետը նաև նշել է, որ հայկական կողմը դեռևս մանևրելու տեղ ունի բանակցություններում, քանի որ Հայաստանը դեռևս չի ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ որևէ փաստաթուղթ ։
«Հայաստանը դեռ դիվանագիտական ռեսուրս ունի, այո՛, Ալմա-Աթայի հռչակագրի հետ համաձայնության խոսքեր կան, բայց ը հաշտության համաձայնագիրն, ինքնին, չի ստորագրվել։ Հնարավոր էսկալացիայի հետ կապված՝ Ադրբեջանը նայելու է այլ երկրների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումներին։ Եվ, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն աջակցի էսկալացիային։
Թեև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները շատ վատ են, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը շահագրգռված չեն, որ այս սրումը տեղի ունենա։ Ղարաբաղում էսկալացիան հիմա, ցույց կտա, որ Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունենում։ Եվ, եթե Ադրբեջանը դա անի, ուրեմն, ստիպված է լինելու ապրել էթնիկ զտումներ կազմակերպած երկրի խարանով։ Սա է պատճառներից մեկը, որ անցյալ տարվա աշնանը էսկալացիա իրականացվեց ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի նկատմամբ»,- եզրափակել է Սիլաևը։