Խարգ կղզու հնարավոր գրավումը չի փոխի պատերազմի քաղաքական հաշվարկը. Միսակյան

31 Մարտի 2026, 15:48

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները բանակցությունների և Իրանի պատերազմի ավարտի վերաբերյալ ավելի շատ քաղաքական և տեղեկատվական նպատակներ են հետապնդում, քան իրական գործընթացներ են արտացոլում։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է իրանագետ Գարիկ Միսակյանը։

Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները մի կողմից ուղղված են ԱՄՆ ներքին լսարանին, մյուս կողմից՝ փորձ են ազդելու համաշխարհային տնտեսական իրավիճակի վրա։

«Ամեն անգամ, երբ Թրամփը խոսում է բանակցությունների կամ պատերազմի ավարտի մասին, շուկաներում նկատվում է ժամանակավոր կայունացում, բայց դա երկար չի տևում, որովհետև այդ հայտարարությունները չեն ընկալվում որպես վստահելի քաղաքական գիծ»,- նշել է Միսակյանը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ չնայած հրապարակային կոշտ դիրքորոշմանը, Իրանի և ԱՄՆ-ի միջև որոշակի քաղաքական շփումներ, այնուամենայնիվ, պահպանվում են։

«Իրանը մերժում է բանակցությունները, բայց խոսում է ուղերձների փոխանակման մասին, ինչը նշանակում է, որ որոշակի քաղաքական հաղորդակցություն կա»,- ասել է նա։

Սակայն, ըստ իրանագետի, բանակցային որևէ գործընթաց դժվար է պատկերացնել, քանի դեռ շարունակվում են ռազմական գործողությունները։

«Իրանական կողմը հստակ ասում է՝ բանակցությունները հնարավոր են միայն ռազմական գործողությունների դադարեցման և իրենց պահանջների կատարման դեպքում»,- ընդգծել է Միսակյանը։