Խաղաղ ավտոերթով Հակարիի կամուրջ գնալու ակցիան թատերական ներկայացում է. Արցախի պատգամավոր

03 Օգոստոսի 2023, 11:54

Քաղաքականություն

Խաղաղ ավտոերթով Հակարիի կամուրջ գնալու ակցիան թատերական ներկայացում է, որի նպատակն է ցույց տալ, թե Արցախում հակառուսական տրամադրություններ կան, ինչն իրականությանը չի համապատասխանում: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման կազմակերպած ակցիային, որի նպատակն էր ավտոերթով գնալ Հակարիի կամուրջ:

«Համոզված եմ, որ իրենք հաջողության չեն հասնելու այս գործընթացում, բայց սրանով փորձելու են եւս մեկ անգամ թիրախավորել ռուս խաղաղապահներին, փորձելու են ցույց տալ, որ Արցախում վառելիքի խնդիր չկա, փորձելու են ցույց տալ, որ արցախցիները պատրաստ են Ադրբեջանի հետ ինտեգրմանը, բայց դա այդպես չէ: Հակաարցախյան գործողություններ անելով նրանք փորձում են հաճոյանալ Հայաստանի իշխանություններին, որոնց կողմից էլ կառավարվում են, իսկ Արցախի իշխանությունների կողմից որեւէ վերաբերմունքի չեն արժանանում, հետեւաբար Արցախի իշխանությունները թեւ ու թիկունք են այդ մարդկանց: Համոզված եմ, որ որեւէ գործողություն չի լինելու, բայց այն շոուն, ինչի համար կազմակերպել են այս ակցիան, ցավոք, կարծես հաջողվել է»,- ասաց Արցախի ընդդիմադիր պատգամավորը:

Նախօրեին Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժումն ավտոբուսներով խաղաղ երթ էր կազմակերպել դեպի Հակարիի կամուրջ։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծաքանակ թվով ավտոբուսների էին կայանվել, որոնք ըստ շարժման նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանի՝ պետք է ուղեւորվեին Հակարիի կամուրջ:

Օսիպյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրելով ավտոբուսները՝ հայտարարել էր, թե Լաչինի միջանցքը պետք է բացվի համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ադրբեջանը պետք է իրականացն նաեւ Հագաայի դատարանի որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանը պարտավոր է ապահովել տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Օսիպյանը շեշտել էր, թե այդ ակցիան կապ չունի Արցախի իշխանությունների հետ, բայց խոստովանել էր, որ ավտոբուսները տրամադրվել են նրանց կողմից:

«Այս ակցիան որեւէ կապ չունի իշխանության հետ, ուրիշ բան, որ պետությունը պետք է որոշ միջոցներ տրամադրի ու տրամադրում է, ոնց տեսնում եք, բայց սա դեռ քիչ է, այնպես չէ, որ էսքան ավտոբուսները հերիք են, որ մեր երթը կազմակերպենք: Իրականում ավտոբուսների պակասությունը չի, այլ նակլեյկաների պակասությունն է, որովհետեւ էլ չկա: Իշխանությունն այլ տարբերակ չի ներկայացնում այս ճգնաժամից դուրս գալու համար»,- ասել էր Արթուր Օսիպյանն ու հավելել, որ «իշխանություններից հիմա երկու բան է կախված. միջոցներ տրամադրել ու չխանգարել»:

Մետաքսե Հակոբյանը Արցախի իշխանություններից հետաքրքրվել է, թե ինչ առնչություն ունեն այդ ակցիայի ու ավտոբուսների տրամադրման գործընթացի հետ: Պատասխանել են, թե կապ չունեն:

«Ինձ ասացին, որ առնչություն չունեն այդ ավտոբուսների տրամադրման հետ, դրանք մասնավոր ընկերության սեփականություն են ու ակցիայի կազմակերպիչն իրենց հետ է պայմանավորվածություն ունեցել: Արցախի իշխանության ներկայացուցիչներն էլ շատ անհանգստացած ու բարկացած էին: Իհարկե, ես չեմ բացառում նախագահի մասնակցությունը այս ամենին կամ էլ թույլտվությունը:

Արցախում մարդիկ մի քանի օր է՝ հաց չեն կարողանում առնել՝ վառելիքի բացակայության պատճառով, բայց այդ ֆոնին այդ անձը խոսում է, որ ռեսուրսը՝ ավտոբուսը, վառելիքը, տալիս են հենց իշխանությունները: Սա անում են, որ թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, թե՛ միջազգային հանրությանը ցույց տան, որ այստեղ կան մարդիկ, որոնք պատրաստ են կոնտակտի գնալ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, սա հենց այն ցանկությունների կատարումն է, որի մասին խոսում են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը»,- եզրափակեց Արցախի պատգամավորը:

Հավելենք նաեւ, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման կազմակերպած ակցիան դեռ տեղի չի ունեցել: Արթուր Օսիպյանը բացատրել է, որ այդ մեծ երթը կազմակերպելու համար անհրաժեշտ է ժամանակ ու մարդկային ռեսուրս: