Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է Արցախում հրադադարի խախտման դեպքերը

28 Հունիսի 2023, 22:51

Քաղաքականություն

Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի խախտման 5 դեպք, ինչի հետևանքով հայկական և ադրբեջանական կողմից կան սպանվածներ ու վիրավորներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղաղապահների գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում նշում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի վերաբերյալ։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրետանային միջոցներից կրակել է Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ ունի:

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել, որով վաշինգտոնյան բանակցություններում հայաստանյան պատվիրակության ղեկավարությունից պահանջում է դադարեցնել հայ-ադրբեջանական բանակցությունները, քանի դեռ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմաններում հրադադար չի հաստատվել, հակառակ պարագայում, ըստ Արցախի խորհրդարանի, բանակցությունները շարունակելը կնշանակի Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի խրախուսում:

Արցախի ԱԳՆ-ն էլ է անդրադարձել թշնամու վերջին սադրանքին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտությունը ռազմական ուժով լուծելու իր ծրագրերից։