Խաղաղապահների գործողությունները կհամապատասխանեն գետնի վրա իրադրության զարգացմանը. Զախարովա
06 Հուլիսի 2023, 18:45
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությանը՝ նշելով, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունները կհամապատասխանեն գետնի վրա ստեղծված իրադրության զարգացմանը:
«Այդ գործողությունները կհամապատասխանեն գետնի վրա իրադրության զարգացմանը եւ, անշուշտ, կընթանան այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել երեք կողմերի միջեւ», — ընդգծել է նա:
Դիվանագետը հավելել է, որ կարգավորման հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ նոր շփումները հնարավոր են, և մոտ ժամանակներում տարածաշրջան կժամանի Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը:
«Ռուսական կողմը շարունակելու է կողմերի մոտեցումների մերձեցմանն ուղղված ջանքերը։ Առաջիկա պլաններում է, մասնավորապես, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի այցը տարածաշրջան: Հնարավոր են նաև եռակողմ հանդիպումներ», — ասել Է դիվանագետը՝ մանրամասնելով, որ այդ մասին անպայման կհայտնեն։