Խաղաղապահները Ղարաբաղում կլինեն մինչ 2025 թվականի նոյեմբերը. հարցը բացառապես քննարկում ենք Ադրբեջանի հետ. Գալուզին
30 Դեկտեմբերի 2023, 12:59
Հայաստանի ղեկավարության` Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումից հետո Մոսկվան ադրբեջանական կողմի հետ է քննարկում Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը: Այս մասին ՌԻԱ-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
Ոչ ոք չի չեղարկել այս փաստաթուղթը, այն նախատեսում է, որ մեր խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբերը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ»,- հավելել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է՝ այժմ Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը դիտարկվում են բացառապես ադրբեջանական կողմի հետ, դա տեղի է ունենում փոխադարձ հարգալից և կառուցողական մթնոլորտում։