Խաղաղության, ազատության և ժողովրդավարության մասին Փաշինյանի խոստումների արդյունքը պատերազմն էր. Արա Աբրահամյան

14 Սեպտեմբերի 2023, 15:20

Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության, ազատության և ժողովրդավարության մասին խոստումների արդյունքը պատերազմն է, ավտորիտարիզմը, նվաստացումները, Արցախում սովը և անօգնականությունը:

«Ում վրա է հույս դնում Փաշինյանը, որը նպատակաուղղված հակառուսական գիծ է վարում և, միաժամանակ, հայտարարում, որ արևմտյան երկրները դեռևս չեն կարող դառնալ մեր անվտանգության երաշխավորը, որ դրա համար Հայաստանը երկար ճանապարհ ունի անցնելու դեպի իր նպատակները։ Ընդ որում, նա լռում է, թե ինչ «անակնկալներ» է պատրաստում հայ ժողովրդի համար այս «երկար ճանապարհին»։

Ով է երաշխավորելու և ապահովելու Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն այդ ճանապարհին։ «Կառուցողական» Ալի՞ևը (այդպես նրան անվանում էր Փաշինյանը), որը բացահայտ հայտարարում է, որ իր պապի գերեզմանին երդվել է՝ գրավել հայկական Զանգեզուրը, Էրդողա՞նը, որի երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի վարչապետն ինչ-որ տեղ՝ տասներորդ դերում էր, թե՞ արժեզրկված բանակը, հերոսները, մտավորականները։

Թո՛ղ Փաշինյանը հստակ ասի, թե ով է այսուհետեւ պատասխանատվություն կրում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի և անվտանգության համար։

Չնայած, քանի ՜ նման հայտարարություն ու խոստում է եղել վերջին հինգ տարիների ընթացքում։ Իսկ խաղաղության, ազատության և ժողովրդավարության մասին նրա բոլոր խոստումների արդյունքը եղավ պատերազմը, ավտորիտարիզմը, նվաստացումները, սովն Արցախում և անօգնականությունը», — ընդգծել է Աբրահամյանը։

Հիմա եթերում