Խաղաղության համաձայնագիրը պետք է հաշվի առնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերը. եվրապատգամավոր

16 Հուլիսի 2025, 18:10

Քաղաքականություն

Լիտվայից Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրաս Աուշտրյավիչյուս Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է, որ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին անհրաժեշտ է խաղաղության համաձայնագիր, և որքան շուտ, այնքան լավ:

«Այդ երկու երկրների շուրջ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրավիճակը բարենպաստ չի զարգանում։ Կարծում եմ՝ կա հրատապության զգացում, և կարևոր է պատասխանատու քաղաքական գործիչներին մղել դեպի կայուն խաղաղության համաձայնագիր, որի կարիքն ունեն երկու երկրներն էլ։ Սա հնարավորություն կտա ձևավորել կառուցողական և դրական օրակարգ»,- նշել է պատգամավորը։

Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա կենտրոնանալ համագործակցության զարգացման և երկու երկրների համար կարևոր նախագծերի իրականացման վրա։

Խոսելով Ադրբեջանի կողմից առաջ քաշված նախապայմանների մասին՝ քաղաքական գործիչը կասկած է հայտնել, որ միակողմանի պահանջները կարող են հնարավոր դարձնել համաձայնագիրը։

«Սահմանադրական փոփոխությունները ցանկացած երկրի համար բարդ խնդիր են։ Չգիտեմ՝ ինչպես կարող է աշխատել պահանջներ առաջադրելը խաղաղության համաձայնագրի շրջանակներում: Եթե դա իսկապես խաղաղության համաձայնագիր է, այն պետք է փոխզիջումային լինի երկու երկրների համար։ Ես գիտեմ, որ միջանցքի շուրջ բանակցություններ են ընթանում, բայց նախ պետք է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ապա իրականացնել այն։

Ոչ մի խաղաղության համաձայնագիր չի կարող ակնթարթորեն վերացնել ատելությունը, որը, ցավոք, չափազանց երկար է կուտակվել։ Սակայն այն կարող է դառնալ առաջին քայլը թշնամանքը նվազեցնելու, վստահությունն ամրապնդելու և համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ Այսպիսով, խաղաղության համաձայնագիրը միայն առաջին քայլն է։ Անհրաժեշտ կլինեն լրացուցիչ ջանքեր և փոխզիջումներ երկու կողմերից։ Մարդիկ ստիպված կլինեն ապրել խաղաղության համաձայնագրով ստեղծված պայմաններում։ Վստահ եմ, որ մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել»,- եզրափակել է նա: