Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի. Ջեյհուն Բայրամով
25 Դեկտեմբերի 2023, 13:45
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր խնդիրների 100 տոկոսանոց լուծում: Այս մասին փոխանցւոմ են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Այստեղ կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև դրական արձագանքներ ենք լսում»,- ասել է Բայրամովը:
Նա հավելել է, որ պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը Երևանից ստացել էր այս տարվա նոյեմբերի վերջին.
«Հայաստանին ներկայացվել է առաջարկների փաթեթը, որը մենք մշակել ենք մեկ ամսվա ընթացքում։ Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ՝ հանդիպումները կկայանան 2024 թվականին։ Մենք իրատեսորեն ու լավատեսորեն ենք նայում այս հարցին։ Միաժամանակ, երբ խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, պետք է հասկանանք, որ այն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի», նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: