Խաղաղության պայմանագիրը չստորագրելու բոլոր օբյեկտիվ պատճառներն անհետացել են. սենատոր Անդրեյ Կլիմով

27 Դեկտեմբերի 2023, 21:38

Կարծիք | Քաղաքականություն

Սենատոր Անդրեյ Կլիմովը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Ռուսաստանի Դաշնության համար շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս արագ կնքեն խաղաղության պայմանագիրը։

Սենատորի խոսքով՝ «եթե մեզ հաջողվի չարձագանքել մեր թշնամիների սադրանքներին, ապա այս տարածաշրջանը նույնպես կստանա ցանկալի խաղաղություն և անվտանգություն»։

«Իմ կարծիքով, այս համաձայնագիրը չստորագրելու բոլոր օբյեկտիվ պատճառներն անհետացել են, և այդպիսով, այս 30-ամյա հակամարտությունը կարող է ամբողջությամբ վերացվել։ Դա կբխի ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլ նաև այս տարածաշրջանի բոլոր մյուս երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի շահերից։

Կտեսնենք, թե ինչ կլինի հետո, բայց ես գիտեմ, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման այս շարժումն ունի թշնամիներ, որոնք գտնվում են այդ տարածաշրջանից հեռու, բայց, այնուամենայնիվ, իսկապես ցանկանում են լարվածության գոտիներ ստեղծել Ռուսաստանի սահմանների երկայնքով։ Այս թշնամիներն առաջին անգամը չէ, որ դա անում են և, ցավոք, երբեմն դա նրանց հաջողվում է։

Եթե մեզ հաջողվի չարձագանքել այս անբարյացակամ երկրների սադրանքներին և դեռ շարժվել այն ուղղությամբ, որն այժմ ավելի պարզ է դառնում, ապա, ինձ թվում է, այս տարածաշրջանը նույնպես կգտնի ցանկալի խաղաղություն և անվտանգություն»,- ասել է Կլիմովը։