Խաղաղության պայմանագրի 16 հոդվածից 13-ն ամբողջապես է համաձայնեցված, 3-ը՝ մասնակի. Արարատ Միրզոյան
09 Սեպտեմբերի 2024, 14:09
Խաղաղության պայմանագրի 16 հոդվածից 13-ն ամբողջապես է համաձայնեցված, 3-ը՝ մասնակի: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա համոզմամբ՝ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում խաղաղության համաձայնագիր ստորագրել։
«Այլևս անհամաձայնություն չունենք, այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում։ Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել»,-ասել է Միրզոյանը։
Նա անդրադարձ է կատարել նաև Նախիջևանի ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերության հանձնելու մասին հարցին։
«Մենք ասել ենք, որ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է։ Մեզ համար դա անընդնունելի է և մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Իրականում որպեսզի մարդկանց մոտ անվտանգույթան զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավվել երկու երկրներում էլ արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին»,- նշել է Միրզոյանը։