Խաղաղության պայմանագրի ստորագրման ամբողջ պատկերը մնում է բանակցությունների քողի տակ. Անդրեյ Արեշև
16 Նոյեմբերի 2024, 20:17
Alpha News-ի ուղիղ եթերում ռուսաստանցի քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը մեկնաբանել է Հայաստանի հասցեին հնչող պաշտոնական Բաքվի պահանջները՝ կապված խաղաղության պայմանագրի ստորագրման հետ:
«Իսկապես խոսակցություններ էին շրջանառվում, որոնցով ենթադրվում էր լրացնել տեղեկատվական տարածքը։ Բայց իրական իրավիճակն, ինձ թվում է, բախվել է պաշտոնական Բաքվի որոշ պահանջների, մասնավորապես, կապված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վերաշարադրման հետ, և հնարավոր է, որ կան մի շարք այլ պահանջներ, որոնք խոչընդոտում են բովանդակային փաստաթղթի ստորագրմանը։ Ինչ էլ որ ասեն Երևանում կամ որևէ այլ վայրում, մենք գիտենք, որ Բայդենի հեռացող վարչակազմը շատ ակտիվ ճնշում էր գործադրում ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու համար՝ նախագահական ընտրություններից առաջ միավորներ վաստակելու անհրաժեշտությունից ելնելով։ Կային նամակներ Բայդենից, և նույնիսկ խորհրդական պարոն Կարպենտերը եկել էր ինչ-որ բանակցությունների, բայց կարելի է ենթադրել, որ նոյեմբերի 5-ից հետո իրավիճակը որոշ չափով փոխվել է, և դրսից այլևս կարիք չկար կողմերի վրա ինչ-որ բռնի ճնշում գործադրելու։
Միևնույն ժամանակ, Երևանից որևէ հստակություն մեծ հաշվով չկա, և նույնիսկ այն լուրերը, թե Արարատ Միրզոյանը հնարավոր է մեկնի Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովին, ասեկոսեներ էին։ Ցավոք, այժմ իրավիճակն այնպիսին է, որ դա կարող է հղի լինել ինչ-որ ռեցիդիվներով՝ քարոզչական, տեղեկատվական բնույթի կամ Աստված մի արասցե, որ ինչ-որ սրացում լինի, այդ թվում՝ ուժային», — նշեց փորձագետը։
Քաղաքագետի խոսքով՝ Բաքուն կարող է պահանջել արտահանձնել որոշ անձանց, որոնց Ադրբեջանը կցանկանար տեսնել իր մոտ:
«Ինձ թվում է, որ Բաքվի կողմից կարող են բավականին շատ պայմաններ լինել, իսկ ես կավելացնեի, օրինակ, որոշ անձանց արտահանձնումը, որոնց Ադրբեջանը կցանկանար տեսնել իր մոտ։ Եվ հարցեր, որոնք կապված են հայկական բանակում որոշակի զինատեսակների ապառազմականացման կամ որոշ սահմանաչափերի կրճատման հետ, ինչպես ցանկանում է Բաքուն։ Որպես ավելի մարտավարական բնույթի պահանջ կարող է լինել Հայաստանի հարավային շրջաններում եվրոպական դիտորդական առաքելության հետ կապված պայմանը, որին Բաքվում նույնպես տարբեր կերպ են արձագանքում, այնպես որ հարցերը բավական շատ են։
Եվ այն, ինչ հնչեցրել է պարոն Շաֆիևը, որոշ չափով կարող է համապատասխանել իրականությանը, բայց միևնույն ժամանակ հազիվ թե արտահայտի այն պատկերի ամբողջությունը, որը մնում է բանակցությունների քողի տակ», — ընդգծել է Արեշևը։