Խաղաղության պայմանագրի ստորագրման պահանջներից մեկը «միջանցքի» խնդիրն է. Հակոբ Բադալյան
09 Հուլիսի 2025, 21:45
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Փաշինյանն ու Ալիևը վաղը Աբու Դաբիում սպասվող բանակցություններում քննարկելու են այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները և այն, թե ինչ գին կունենա այդ պայմանագիրը Հայաստանի համար:
«Հասկանալի է, որ պաշտոնական Երևանի համար այդ պայմանագրի ստորագրումն ունի նախընտրական էական նշանակություն, էլեկտորատին որպես խաղաղության օրակարգի արդյունք ներկայացնելու համար: Ես կարծում եմ, որ Աբու Դաբիում խաղաղության պայմանագրի ստորագրման նշաններ չկան, կքննարկեն պայմանագրի ստորագրման պայմանները, իսկ թե ինչ համաձայնության կգան, պարզ կլինի հետագա հայտարարություններից կամ արտահոսքերից»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Հակոբ Բադալյանը:
Նա պատահական չհամարեց, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի է ունենում արաբական հարթակում: Ըստ նրա՝ հանդիպման վայրը քննարկվել է Թուրիքայի՝ Էրդողանի միջնորդությամբ հունիսի 19-20-ին, երբ Ալիևն ու Փաշինյանը Թուրքիայում էին:
Հակոբ Բադալյանը ենթադրում է, որ Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը կքննարկեն նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը:
«Խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում քննարկվող առանցքային հարցերից մեկը վերաբերում է ճանապարհներին: Առնվազն վերջին 2-3 ամիսներին տեսնում ենք, որ բավական ինտենսիվ քննարկումներ կան այդ թեմայի շուրջ, Եվրամիությունից, Չինաստանից, Թուրքիայից հայտարարություններ կան: Անկասկած է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման պահանջներից մեկը լինելու է «միջանցքի» խնդիրը: Թուրքիան ու Ադրբեջանը, առավել ևս Թուրքիան, շահագրգռված է լինելու, որ ոչ միայն ռուսական, այլև որևէ վերահսկողություն չլինի և Թուրքիան հնարավորինս մեծ դեր ու ազդեցություն ունենա այդ ճանապարհների հարցում, բայց Անկարան անշուշտ այստեղ հակված կլինի պայմանավորվածությունների գալ այլ խոշոր խաղացողների հետ»,- հավելեց Հակոբ Բադալյանը: