Խաղողօրհնեքը՝ Ախալքալաքի շրջանի Փոքր Սամսար գյուղում
14 Օգոստոսի 2023, 23:17
Օգոստոսի 13-ին Ախալքալաքի շրջանի Փոքր Սամսար գյուղում նշվել է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Այն Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը։
Սամսարցիները հավաքվել էին գյուղի կենտրոնում գտնվող Սբ. Հարություն եկեղեցում, որտեղ Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղի «Սուրբ Գևորգ» եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ, Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը անցկացրել է Խաղողի օրհնության արարողությունը։
«Մի քանի օր առաջ Երուսաղեմում էի, այնտեղ նույնպես նշեցի, որ Սամսարում ավելի շատ մարդ է գալիս արարողության, քան Երուսաղեմում էին եկել։ Այսպիսի արարողությունները շատ կարևոր են նամանավանդ հեռավոր գյուղերի համար, որ հավատքի մեջ մնան մարդիկ։ Այսօր մենք շոշափելի օրհնություն ենք հաղորդում խաղողի միջոցով, որպեսզի մեր ժողովուրդը հաղորդակից դառնա օրհնությանը։ Աշխատում ենք մարդկանց հոգևոր պահանջը հնարավորինս լրացնել եկեղեցով», – Jnews-ի հետ զրույցում նշել է Սամսարի հոգևոր հովիվ, Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը։
Եկեղեցու խաչքավորը և գյուղացիները եկեղեցի էին տարել խաղողի առաջին բերքը։ Օրհնված բերքը բաժանվել է ներկաներին։ Ավանդույթի համաձայն, պարտադիր է տարվա մեջ առաջին անգամ համտեսել հենց օրհնված խաղողը։
Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակներում հասունացող խաղողի օրհնության ծես է եղել։ Այսինքն՝ տոնի օրը պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։