Ղազախստանն առաջարկել է 5 տարով հետաձգել ԵԱՏՄ-ում ռոումինգի չեղարկումը
14 Հունվարի 2025, 09:20
Ղազախստանի իշխանություններն առաջարկել են մինչև 2030 թվականը երկարաձգել նախապատրաստական աշխատանքները՝ շարժական ռոումինգի ծառայությունների մատուցման պայմանները հավասարեցնելու և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում դրա գները նվազեցնելու համար։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարարությունը։
2023 թվականի մարտին տեղեկություն է տարածվել, որ մինչև 2025 թվականը Ռուսաստանը մտադիր է չեղարկել ռոումինգը Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի հետ։ Մինչև 2024 թվականի վերջը օպերատորները պետք է վերանայեին բջջային կապի գներն այդ երկրներում։ Նույն թվականի մայիսին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը հայտնել է, որ «արդար սակագների» կիրառման կանոնների ներդրման աշխատանքները կավարտվեն մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը:
Այժմ Ղազախստանն առաջարկում է ծրագրի իրականացման ժամկետը 2025 թվականից տեղափոխել 2030 թվական։