Մենք անհետ կորած զինծառայողների ծնողներ ենք, ղեկավարությունից մեզ ոչ ոք չի ուզում ընդունել. բողոքի ակցիա
19 Հուլիսի 2023, 16:48
44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերն այսօր փակել են Բաղրամյան պողոտան, մեկ ժամ անց բացել այն՝ պայմանով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունի:
Առավոտյան նրանք բողոքի ակցիա են իրականացրել նախ կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարությունից, սակայն, նրանց փոխանցել են, որ այդ պահին հնարավոր չէ վարչապետի հետ հանդիպել, ինչից հետո ծնողներն էլ որոշել են նստացույց անել: Քիչ հետո անհետ կորած զինծառայողների ծնողները տեղեկացել են, որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում չէ, տեղափոխվել է նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26, եւ որոշել են ակցիան շարունակել այնտեղ: Ծնողների խոսքով՝ այստեղ նրանց խոստացել են ընդունել, բայց հանդիպումն այդպես էլ չի կայացել, ուստի որոշել են փակել ճանապարհը:
«Այսպես մենք ստիպում ենք, որ մեզ լսեն: Մենք անհետ կորած զինծառայողների ծնողներ ենք, ղեկավարությունից մեզ ոչ ոք չի ուզում ընդունել, մենք էլ խոչընդոտում ենք երթեւեկությունը: Բա մեր տղերքը 2 տարի 8 ամիս տանը չեն, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար»,- ասել է Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած տղաներից մեկի մայրը:
Մեկ ժամից ավելի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը փակ պահելուց հետո բողոքի դուրս եկած ծնողերը բացել են ճանապարհը՝ պայմանով, որ վարչապետը հանդիպի իրենց հետ: Լրագրողների հետ զրույցում ծնողներն ասել են, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից խոստացել են մեկ շաբաթվա ընթացքում ընդունելություն կազմակերպել:
«Խոստանում ենք՝ եթե չընդունեք, ավելի բեթար է լինելու: Մեքենաներով էլ ենք ճանապարհը փակելու, լիքը մարդ է լինելու»,- հայտարարել են ծնողները:
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերին ընդունել էր ԱԱԾ փոխտնօրենը: Ծնողներին չէր բավարարել այդ հանդիպումը, քանի որ նրանց հարցերին հստակ պատասխաններ չէին տրվել ու նրանք որոշել են Փաշինյանի հետ հանդիպել:
Ծնողների խոսքով՝ 2020 թ. հոկտեմբերի 21-ին իրենց որդիներին տեղափոխել են Կովսական (Զանգելան), բայց հրամանատարության սխալի պատճառով նրանք հայտնվել են շրջափակման մեջ ու անհետ կորել:
Այս զորամասի զինծառայողների զոհվելու, գերեվարվելու եւ անհետ կորչելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Մեկ տարի է՝ դատավարություն է ընթանում: Ըստ մեղադրական եզրակացության՝ 62 հոգանոց խումբը մարտական խնդրի կատարման ժամանակ շրջափակման մեջ է ընկել, նրանցից 21-ը դուրս են եկել շրջափակումից, 5-ը՝ գերեվարվել, 12-ը՝ սպանվել, 24-ի գտնվելու վայրն անհայտ է: Այս գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։