Խիստ մտահոգիչ է, որ ՀՀ իշխանությունները որդեգրել են եվրաինտեգրման ուղին. Սամվել Կարապետյան

14 Ապրիլի 2025, 12:50

Քաղաքականություն

Լուրջ մտահոգություն է առաջացնում, որ ՀՀ գործող իշխանությունները որդեգրել են եվրաինտեգրման կուրս։ Այս մասին ապրիլի 12-ին Մոսկվայում Հայ ձեռներեցների ասոցիացիայի հանդիպման ժամանակ ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է լուրջ հարվածի ենթարկվել, որը կարող է հանգեցնել տնտեսության առանձին հատվածների կաթվածահարմանը և երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը։

«Առանձին կցանկանայի անդրադառնալ էներգետիկ անվտանգության հարցին, որն ուղղակիորեն կապված է Հայաստանի տնտեսական կայունության և նույնիսկ ազգային անվտանգության հետ։ Այսօր Ռուսաստանը Հայաստանի տնտեսության համար էներգառեսուրսների առանցքային մատակարարն է։ Գազն ու նավթամթերքը մատակարարվում են կայուն և կայացած խողովակներով՝ Հայաստանի համար ձեռնտու պայմաններով։ Պայմանագրերը կնքվում են՝ հաշվի առնելով երկարաժամկետ շահերը՝ երկրին ապահովելով կանխատեսելի գներ և մատակարարումների հուսալիություն:

Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա գների և մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, ինչը նշանակում է, որ կբարձրանան գազի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի գները: Այսինքն՝ Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է լուրջ հարվածի ենթարկվել, որը կարող է հանգեցնել տնտեսության առանձին հատվածների կաթվածահարմանը և երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը»,- հայտարարել է գործարարը։

Կարապետյանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ էներգետիկ անվտանգությունը միայն տնտեսություն չէ, այն ռազմավարական գործոն է, որից կախված է երկրի ապագան։

«Եվ ցանկացած քայլ, որը կարող է վտանգի տակ դնել այդ անվտանգությունը, պետք է մանրակրկիտ հաշվի առնվի՝ ելնելով ոչ թե կարճաժամկետ քաղաքական հաշվարկներից, այլ ազգային իրական շահերից։ Չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը՝ Ռուսաստանը պահպանում է Հայաստանում ամենամեծ ներդրողի կարգավիճակը՝ ստեղծելով նոր ձեռնարկություններ և աշխատատեղեր։ Մենք պարտավոր ենք ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել այս ռազմավարական ներդրումային միությունը։

Կարծում եմ, որ ներդրումների հարցը միայն տնտեսական չէ, այն ապագայի հարց է, իսկ ընտրությունը պետք է կատարվի ազգային, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրական շահի` հավասարակշռված հաշվարկների հիման վրա։

Ուզում եմ ուշադրություն հրավիրել Ռուսաստանից Հայաստան հայկական Սփյուռքի ֆինանսական հոսքերի վրա։ Ռուսաստանում մեր հայրենակիցների աշխատանքային գործունեությունը զգալի ֆինանսական մուտքեր է բերում Հայաստան։ 2024 թվականին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 3,8 մլրդ դոլար, ինչը կազմում է միջազգային փոխանցումների ընդհանուր ծավալի 65%-ը»,- նշել է Կարապետյանը։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն ասել է, որ այդ ֆինանսական ազդեցությունները համադրելի են ՀՀ պետբյուջեի էական մասի հետ և առանցքային դեր են խաղում բանկային համակարգի կայունության պահպանման, ներքին պահանջարկի խթանման և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման գործում:

«Այդ հոսքերի նվազումը կամ դադարեցումը կարող է հանգեցնել ֆինանսական համակարգի ապակայունացման, ինչը կհանգեցնի սպառողների ակտիվության նվազմանը և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացմանը։ Մեր երկիրն իրավունք չունի նման սցենարներ ունենալ»,- եզրափակել է նա։