Խնդիրը իրավական դաշտից տեղափոխվել է քաղաքական հարթություն․ Պողոսյանը՝ երկաթուղու շուրջ ստեղծվածի իրավիճակի մասին
16 Փետրվարի 2026, 17:30
Alpha News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանն, անդրադառնալով երկաթուղային ենթակառուցվածքների շուրջ ստեղծված իրավիճակին, այն դիտարկել է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական համատեքստում։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ ռուսական կողմը պետք է հնարավորինս արագ վերականգնի երկաթուղու այն հատվածները, որոնք գտնվում են իր կոնցեսիայի ներքո։ Սակայն, ըստ Պողոսյանի, այդ հայտարարությունների հիմքում քաղաքական հաշվարկ կար։
«Քանի որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը բավականին մեծ պարտքեր ունի, հաշվարկը, ըստ էության, այն էր, որ ի վիճակի չի լինի նման ծավալի ներդրումներ իրականացնել։ Հետևաբար, կարող էր առաջանալ խնդիր՝ կոնցեսիան հետ կանչելու և հարցին այլ լուծում տալու ուղղությամբ»,- նշել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ իրավիճակը փոխվել է այն պահին, երբ ռուսական կողմը հայտարարել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ սկսել այդ հատվածների վերականգնումը։
«Ռուսական կողմի հայտարարությունը, որ պատրաստ է հնարավորինս արագ վերականգնել այդ հատվածները, ենթադրաբար չարդարացրեց այն ակնկալիքները, թե ֆինանսական սուղ պայմանների պատճառով «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը չեն կարողանա իրականացնել այդ աշխատանքները»- ընդգծել է Պողոսյանը։
Նա հավելել է, որ այս փուլում խնդիրը իրավական դաշտից տեղափոխվում է քաղաքական հարթություն։
«Եթե իրավական առումով հարցը, կարծես թե, սպառվում է, ապա արդեն փորձ է արվում քաղաքական հայտարարությունների միջոցով լուծել այն, քանի որ կոնցեսիոն պարտավորությունների կատարման առումով ռուսական կողմը հայտարարում է իր պատրաստակամությունը»,– ասել է քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում: