Խնդրահարույց է երկրի պաշտպանությանն առնչվող տեղեկության փոխանցումը մեսենջերներով. Արթուր Պապյան

13 Մարտի 2024, 22:10

Կարծիք

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը խնդրահարույց է համարում երկրի պաշտպանությանն առնչվող տեղեկատվությունը մեսենջերային հավելվածներով փոխանցելու պրակտիկան:

Alpha News-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի կողմից Tiktok-ում Պաշտպանության նախկին նախարարի հետ Whats App-ով ունեցած նամակագրության հրապարակմանը, փորձագետը շեշտեց, որ սահմանային լարվածությամբ երկրներում, ինչպիսին Հայաստանն է, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է զգույշ լինեն եւ հաղորդակցության համար արտակարգ միջոցառումներ ձեռնարկեն՝ լրտեսների թիրախում չհայտնվելու համար:

«Երկրի պաշտպանության հետ կապված հարցերի կոմունիկացիան չի կարող իրականացվել սովորական քաղաքացիական տեխնիկայով: Հայաստանում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները լրտեսական ծրագրերի թիրախում են, որովհետեւ Ադրբեջանը հայտնի է որպես Pegasus լրտեսական ծրագրի օգտագործող, իսկ դա նշանակում է, որ անկախ նրանից, թե ինչ հավելվածից է օգտվում զրուցակիցը, միեւնույն է լրտեսական ծրագիրն աշխատում է հենց սարքի վրա ու տեղեկատվություն է ստանում, ինչը վտանգավոր է:

Նման կալիբրի պաշտոնյաները պետք է արտակարգ միջոցառումներ ձեռնարկեն կարեւոր թեմաների մասին խոսելիս եւ դա չի կարող տեղի ունենալ սովորական բջջային հեռախոսի ինչ-որ հավելվածով: Պատերազմող կամ պատերազմին մոտ երկրում պետք է գոյություն ունենա հատուկ կապ: Բարձրաստիճան պաշտոնյաները պետք է փորձեն կարեւոր տեղեկատվությունը շրջանառելիս դեմ առ դեմ հանդիպել՝ հեռու մնալով հնարավոր բոլորր տիպի գաղտնալսող սարքերից ու տեխնոլոգիաներից»,- ասաց Արթուր Պապյանը:

Հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ունեցած իր հարցազրույցում առաջին անգամ խոսեց Արշակ Կարապետյանին Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու պատճառի մասին: Ըստ Փաշինյանի՝ Կարապետյանը, 2021թ. նոյեմբերի 14-ին իրեն առավոտյան զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանդարտ է, մինչդեռ իր զեկուցման պահին ադրբեջանական զորքերը ներխուժել էին Հայաստանի սահմանի մի շարք տեղամասեր եւ նույնիսկ դիրքեր վերցրել:

Փաշինյանի այս հայտարարությունից հետո Արշակ Կարապետյանը տեսանյութ էր տարածել եւ ասել, որ ինքն այդ օրը եղել է Դուբայում եւ ֆիզիկապես հնարավորություն չուներ Նիկոլ Փաշինյանին զեկուցեր սահմանային վիճակի մասին:

Ժամեր անց արդեն Նիկոլ Փաշինյանը Tiktok-ի իր պաշտոնական էջում տեղադրել էր Արշակ Կարապետյանի հետ 2021թ․ նոյեմբերի 14-ի առավոտյան ունեցած նամակագրությունից մի հատված եւ կից գրել՝ «Արշակ Կարապետյանի ստի բացահայտումը»։