Խնդրում եմ՝ ամուսնուս աճյունը բերվի, որ 4 անչափահաս երեխաներս գնալու տեղ ունենան. Դոնարա Հայրապետյան

21 Օգոստոսի 2025, 14:30

Քաղաքականություն

Մի խումբ արցախցիներ ՀՀ կառավարությունից պահանջում են միջոցներ ձեռնարկել օկուպացված Արցախում հուղարկավորված իրենց հարազատների աճյունները տեղափոխել Հայաստան: Նրանք քիչ առաջ այդ պահանջով նամակ փոխանցեցին Կառավարությանը, որն ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Դոնարա Հայրապետյանը, ում ամուսինը՝ Վանիկը, զոհվել է 2023թ. սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակման հետևանքով, Alpha News-ի հետ զրույցում ասաց.

«Սեպտեմբերի 20-ին՝ կռիվն ավարտվելուց ընդամենը 20 րոպե առաջ, լսեցինք, որ ամուսինս վիրավորվել է, հետո հասկացանք, որ զոհվել է: Սեպտեմբերի 23-ին նրան հուղարկավորեցինք, չպատկերացնելով, որ տարհանում կլինի: 25-ին, երբ արդեն հստակ ասվեց, որ պետք է դուրս գանք, խնդրեցինք, որ արտաշիրիմում անենք, բայց չհամաձայնեցին ու դուրս եկանք Ճարտարից: 2 տարի է արդեն խնդրում, պահանջում ենք, որ թույլ տան արտաշիրիմում կազմակերպվի, աճյունը բերվի այստեղ, որ իր երեխաները գնալու տեղ ունենան, 4 անչափահաս երեխա ունեմ, որ իր մայրը գնալու տեղ ունենա»: