Խնդրում ենք հայ համայնքին քվեարկել մեր օգտին, որ կարողանանք բոլոր նպատակներն իրագործել․ Ադրին Նազարյան
26 Հունվարի 2024, 00:30
Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ դառնալուց հետո նահանգում իրավիճակը վերջին 10-ը տարիների ընթացքում բավականին լավացել է։ 2012թ-ին, երբ քվեարկում էի առաջին բյուջեն, այն 155 մլրդ դոլար էր, վերջին բյուջեն, որ քվեարկեցի 2022-ին, 300 մլրդ դոլար էր։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու Ադրին Նազարյանը։
«Երբ այդքան նյութական օգուտ է գալիս նահանգին, դա հնարավորություն է տալիս տարբեր ծրագրեր իրականացնել։ Ես միշտ ցանկացել եմ «Թումո» կենտրոն բացել Լոս Անջելեսում, և երկու տարվա ընթացքում կարողացանք դրա համար տրամադրել 23 մլն դոլար։ Ուրախ ենք տեղեկացնել, որ շենքն արդեն գնել ենք, և շուտով բոլոր մանրամասները կհայտնենք։ Դրա համար էլ խնդրում ենք հայ համայնքին օգնել մեզ, քվեարկել մեր օգտին, որ կարողանանք բոլոր նպատակներն իրագործել, և նրանք էլ տեսնեն, որ իզուր չեն ընտրել մեզ»,- նշեց Նազարյանը։
Նա նաև նշեց, որ հայ համայնքը Կալիֆորնիայում մեծամասնություն չէ։
«Մենք Կալիֆորնիայում փոքր համայնք ենք, բայց երկիրն ունի մեծ հնարավորություններ, ապրում ենք աշխարհում թվով 5-րդ ամենամեծ տնտեսություն ունեցող երկրում։ Եթե ապրում ենք նման երկրում, ապա ինչու չզարգացնենք, չուժեղացնենք հայկական համայնքը։ Կալիֆորնիայում ապրում են տասնյակ ազգություններ, պետք է տարբերակներ գտնենք բոլորի հետ աշխատելու, առաջ գնալու համար»,- եզրափակեց Նազարյանը։