Խոր ցավով եմ արձանագրում մեր սրբազան կառույցը կործանման տանող գործընթացները․ Տեր Վարդ քահանա
10 Հունվարի 2026, 12:51
Ես՝ Տեր Վարդ քահանա Գյոզալյանս, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որդի և սպասավոր, վերահաստատում եմ իմ անսասան որդիական հավատարմությունն ու լիակատար նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ինչպես նաև նրա գահակալ, ազգընտիր և աստվածընծա Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։ Այս մասին Տեր Վարդ քահանան գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Միևնույն ժամանակ, խոր ցավով և մտահոգությամբ եմ արձանագրում այն պառակտող, Եկեղեցին ներսից բաժանող և մեր սրբազան կառույցը կործանման տանող գործընթացները, որոնք այսօր խաթարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնությունը։ Այդ երևույթները հակասում են մեր Եկեղեցու դարավոր կանոնական կարգին, հոգևոր ավանդությանը և ազգային ինքնությանը։
Հայ Եկեղեցին եղել է, կա և պիտի մնա մեր ժողովրդի հոգևոր Մայրն ու միասնության առանցքը։ Ցանկացած փորձ՝ խարխլելու նրա միասնականությունը, վտանգ է ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ ազգի հոգևոր ու ազգային գոյությանը։
Արդ, խնդրում եմ ուխտապահ հոգևորական եղբայրներիս և հավատացյալ հայորդիներին՝ պահպանել սթափություն, հավատարմություն և միաբանություն, կանգնել Մայր Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն ճշմարտության, խաղաղության և մեր ժողովրդի հոգևոր ապագայի»,- նշել է նա։