Խորին խոնարհում և շնորհակալ լինելու զգացում չունենալն ամենաքիչը սրբապղծություն է. Արթուր Խաչենց
18 Հունիսի 2025, 19:00
Սամվել Կարապետյանին՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար ապօրինի մեղադրանքի, իշխանությունների հետագա քայլերի և Կարապետյանի՝ Արցախի և արցախցիների կյանքում ներդրած լումայի վերաբերյալ Ալֆա Նյուզը զրուցել է արցախցի երգիչ՝ Արթուր Խաչենցի հետ:
«Լսել եմ Սամվել Կարապետյանի ելույթը: Իմ կարծիքով՝ Հայ առաքելական եկեղեցու զավակ լինելով հանդերձ, նման արտահայտություն և մեսսիջ անելը նորմալ է ցանկացած հայ քրիստոնյա մարդու համար», — ասել է երգիչը:
Ըստ Խաչենցի՝ տեղի ունեցածը սպասելի էր: Երգիչը երազում է ունենալ այնպիսի ղեկավարություն, որ իր նման արվեստի մարդիկ ստիպված չլինեն խոսել քաղաքականությունից, խոսեն՝ մշակույթից և իրենց համար հաճելի թեմաներից:
Խոսելով Սամվել Կարապետյանի բարեգործությունների մասին, մասնավորապես՝ Արցախի ժողովրդի համար, Արթուր Խաչենցը կարևորել է Ստեփանակերտի բժշկական կենտրոնի կառուցումը:
«Միգուցե ավելի մեծ բարեգործություններ է արել, բայց ես շնորհակալ եմ իմ ազգի անունից նման նվիրաբերության համար: Խորին խոնարհում և շնորհակալ լինելու զգացում չունենալը ամենաքիչը սրբապղծություն է»,- հավելել է նա։