Խոսե Սարուխան. հայկական հետք՝ մեքսիկական գիտության մեջ

15 Հուլիսի 2025, 22:00

Հայեր

Խոսե Արիստեո Սարուխան Կերմեսը ծնվել է 1940 թվականի հուլիսի 15-ին Մեխիկոյում` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունից փրկված հայ փախստականների ընտանիքում: Նրա նախնիները, ինչպես հազարավոր այլ հայեր, ապաստան են գտել Լատինական Ամերիկայում, որտեղ սկսվել է նրանց պատմության մի նոր գլուխ։ Բայց Սարուխանը ոչ միայն դարձել է մեքսիկական հասարակության մի մասը, այլև՝ մտավոր խորհրդանիշներից մեկը:

Երիտասարդ տարիքից Խոսեն տարվել է կենսաբանությամբ։ Ավարտել է Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանը, որտեղ հետագայում դարձել է պրոֆեսոր, իսկ ավելի ուշ՝ 39-րդ ռեկտոր (1989-1997): Նրա գիտական կարիերան ընդգրկում է ավելի քան կես դար. նա ղեկավարել է կենսաբանության ինստիտուտը, եղել է գիտական հետազոտությունների համակարգող, ինչպես նաև բնապահպանական լայնածավալ ծրագրերի նախաձեռնող:

1992 թ-ին, երբ Մեքսիկայի արևադարձային անտառները վտանգված էին, Սարուխանն առաջարկել է ստեղծել եզակի հաստատություն՝ Conabio, որը նվիրված է կենսաբազմազանության պահպանմանը: Այդ նախաձեռնությունն այնքան հաջողակ էր, որ հետագայում ԱՄՆ-ը վերցրեց այն որպես օրինակ։

Նա արվեստի և Գիտությունների ազգային մրցանակի (1990), Մեքսիկայի գիտությունների ակադեմիայի մրցանակի (1980) և Թայլերի հեղինակավոր միջազգային մրցանակի (2017) դափնեկիր է շրջակա միջավայրի պահպանության գործում ունեցած ներդրման համար: Սարուխանը Լոնդոնի Թագավորական ընկերության և ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է:

Խոսեի որդին՝ Արտուրո Սարուխանը, հայտնի դիվանագետ է, եղել է ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանը: