«Խոսող կտավներ». Սարյանի նկարները հասանելի կդառնան տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

09 Հունիսի 2023, 18:50

Հայեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Սարեր» մշակութային կազմակերպությունը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ կիրականացնի «Խոսող կտավներ» ներառական նախագիծը, որի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի կտավները:

Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կկայանա հունիսի 28-ին` ժամը 17:00-ին, Սարյանի տուն-թանգարանում:

«Խոսող կտավներ» ներառական նախագծով հնարավորություն կընձեռվի դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճեններին՝ զուգահեռաբար ունկնդրելով, թե ինչ է պատկերված:

Ցանկացած թանգարանում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հենց շոշափելիքի զգայարաններն են ծառայում տեսողության խնդիրներ ունեցող մարդուն՝ որպես պատուհան, որից նա տեսնում է աշխարհը։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արվեստի աշխարհ ներգրավելն է։

Ծրագրի շրջանակում ստեղծվել են թանգարանի հավաքածուից Մարտիրոս Սարյանի 6 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ՝ Պաննո «Հայաստան» (1964 թ.), Արագած (1925 թ.), Կոստանդնուպոլսի շները (1910 թ.), VII դարի Կարմրավոր եկեղեցին. Աշտարակ (1956 թ.), Դեպի աղբյուր (1928 թ.), Երևանյան բակը գարնանը (1928 թ.)։

Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճենը թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն զանազանել նկարում պատկերված հերոսների դիմագծերն ու հագուստը, բնապատկերի դետալները։

Յուրաքանչյուր շոշափելի կտավ լրացվում է տիֆլոմեկնաբանություններով։ Տիֆլոմեկնաբանությունը հակիրճ տեղեկություն է, որը հատուկ պատրաստված է կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար՝ փոխարինելու տեսողական տեղեկությունները։

Նշենք, որ նախագծի հնչյունային ռեժիսորն է կոմպոզիտոր Վահան Նահապետյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի ազգային պատկերասրահում «Խոսող կտավներ» ներառական պիլոտային նախագծի ընթացքում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել էին պատկերասրահում ներկայացվող 5 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ:

Հաշվի առնելով ներառական նախագծի նկատմամբ հետաքրքրությունը՝ այս տարի որոշվել է նաև ստեղծել տիֆլոմեկնաբանություններ անգլերեն և ռուսերեն տարբերակներով՝ Սարյանի Պաննո «Հայաստան» կտավի համար։ Տիֆլոմեկնաբանությունները ստեղծվել են նախագծի գործընկեր Արարատ թանգարանի հետ՝ միջթանգարանային համագործակցության շրջանակում։

Հիմա եթերում