Խոսքերին պետք է հետևեն գործողություններ․ Ֆրենկ Փալոնն Ալիևին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել

07 Սեպտեմբերի 2023, 11:00

Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կարծում է, որ խոսքերը պետք է վերածվեն գործողությունների, և Ադրբեջանի նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվի Արցախում էթնիկ զտման իր արշավի համար։ Այսպես է նա արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցին, որի ժամանակ Բլինքենը կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը։

«Պետքարտուղար Բլինքենն իրավացիորեն կոչ է անում դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, սակայն այս խոսքերին պետք է հետևեն իմաստալից գործողություններ, հատկապես այն պարագայում, որ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է վատթարանալ», — գրել է Փալոնը (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի էջում։

Կոնգրեսականը շեշտել է խաղաղության հաստատման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։

«Մարդկության դեմ Ալիևի հանցագործությունները և Արցախում էթնիկ զտման նրա միտումնավոր արշավը պետք է հետևանքներ ունենան», — գրել է նա՝ հավելելով, որ Կովկասում խաղաղություն չի հաստատվի, եթե «Ալիևը պատասխանատվության չենթարկվի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համար»։

Հիմա եթերում