Խոսքն արժեք է, մի՛ արժեքազրկեք այն․ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմի հոգևոր դաս

11 Հունիսի 2025, 18:40

Քաղաքականություն

Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմի հոգևոր դասը և թեմական խորհրդի անդամները խստորեն դատապարտել են ՀՀ վարչապետի և պետական այրերի խոսքը և վերաբերմունքը Հայոց Հայրապետի և եպիսկոպոսաց դասի հանդեպ։

Հայտարարության մեջ ասվում է․

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր պատմության ողջ ընթացքում հոգիների փրկության ավետարանական պատգամին զուգահեռ ստանձնել է նաև ազգափրկիչ և հայապահպան առաքելություն՝ ստեղծելով, զարգացնելով և հաջորդող սերունդներին փոխանցելով գիր, գրականություն, մշակույթ, ավանդույթներ, արժեքային համակարգ, որոնք ազգային ինքնություն են կերտել և պաշտպանել մեր ազգը ուծացումից ու տարրալուծումից։ Եզակի ու բացառիկ է նաև Հայ Առաքելական Եկեղեցու ավանդը պետականության բացակայության պայմաններում ազգային կյանքի կազմակերպման, հասարակական ու քաղաքական խնդիրների լուծման, ինչպես նաև պետականության կերտման ջանքերի ուղղություններում, որը հաճախ դրսևորվել է նաև ազգային-ազատագրական պայքարի հորձանուտներում առաջնորդող դեր ստանձնելով։

Արդի իրականության մեջ ևս անուրանալի է Հայ Առաքելական Եկեղեցու առանցքային նշանակությունը մայր հայրենիքում ազգային-հոգևոր կյանքի կազմակերպման և հատկապես Սփյուռքում ազգապահպանության գործում։

Այս օրերին էլ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Շվեցարիայի բողոքական եկեղեցին Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն, հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։

Այսօր, երբ մեր ժողովուրդը և պետությունը կանգնած են մեծ դժվարությունների և փորձությունների առջև, անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության պետական այրերը լինեն իմաստուն, բարձր բարոյական արժեքների հետևորդ և ժողովրդին համախմբեն ազգային սրբությունների և արժեքների շուրջ, ինչը առավել քան պահանջված է։ Այնինչ, ցավով, հավատավոր հայ ժողովուրդը լսում է խոսքեր, որոնք անսպասելի են և ոչ հարիր․․․

Ցանկանում ենք հիշեցնել Հայաստանի ղեկավարությանը, որ Հայ Եկեղեցին միայն Հայաստանյան կառույց չէ, այլ համահայկական, ներկայացված է մի քանի տասնյակի հասնող երկրներում, որտեղ ապրում է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը և պայքար է մղում հայի հոգու փրկության, ինքնության, մայրենի լեզվի, մշակույթի պահպանման համար։

Ուստի, երբ մեր Հայրենիքում իշխանությունները նման վերաբերմունք են ցուցաբերում Մայր եկեղեցու նկատմամբ, այն բացասաբար է ազդում նաև սփյուռքի հայոց կյանքին և մեծ ցավով արձագանքում հավատավոր հայորդիների հոգիներում, որոնց հայացքը մշտապես ուղղված է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Խոսքը արժեք է, մի արժեքազրկեք այն, պահպանեք պատշաճ և հարգալից վերաբերմունք ձեր խոսույթում հայ հոգևորականի հանդեպ»։