Խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալ. Դանիլա Գուրեևը՝ Հայաստանում մոդուլային ԱԷԿ կառուցելու ԱՄՆ-ի խոստումների մասին

11 Փետրվարի 2026, 23:00

Քաղաքականություն

Քաղաքագետ Դանիլա Գուրեևը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում գործող Մեծամորի ԱԷԿ-ի փոխարեն մոդուլային ատոմակայաններ կառուցելու ԱՄՆ-ի մտադրությունը։

«Էներգետիկ մի մոդելից մյուսին անցնելը հսկայական աշխատանք է, որը պետք է իրականացվի։ Այս հարցերում ամերիկացիները չեն կարող ուղղակի գալ և փոխարինել Ռուսաստանին խաղաղ ատոմի ոլորտում։ Ինչո՞ւ։ Որովհետև խոսքը մասշտաբային և համակարգային համագործակցության մասին է, որը ձևավորվել է դեռ հետխորհրդային շրջանում, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը սերտորեն կապված են։

Արդեն կան երկրների օրինակներ, որոնք փորձել են ռուսական խաղաղ ատոմից անցում կատարել ամերիկյանին։ Ամենավառ օրինակը Լիտվան է և Իգնալինի ԱԷԿ-ը։ Արդյունքում կայանը պարզապես փակվեց, իսկ դրա փոխարեն նորն այդպես էլ չկառուցվեց։ Այստեղ կարող է կրկնվել նույն իրավիճակը։

Ըստ էության, ԱՄՆ-ի խնդիրն այս համատեքստում ոչ թե նոր ատոմային արդյունաբերության ստեղծումն է, քանի որ նման նախագծի իրականացումը չափազանց բարդ է, այլ գործող ռուս-հայկական նախագծերի քայքայումը, ինչը միանգամայն իրագործելի նպատակ է»,- կարծում է Գուրեևը։

Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ Վաշինգտոնի մտահղացումը կարող է լինել գոյություն ունեցող ենթակառուցվածքների ապամոնտաժումն՝ առանց նորի կառուցման իրական երաշխիքների։

«Անշուշտ, լավ է, երբ գալիս են և ինչ-որ բան խոստանում։ Բայց պետք է հիշել մի պարզ ճշմարտություն, որ խոստանալը դեռ չի նշանակում ամուսնանալ։ Տրամաբանությունը կարող է լինել հետևյալը. նախ հրաժարվեք գործող նախագծերից, ապամոնտաժեք գոյություն ունեցող ենթակառուցվածքները, իսկ հետո մենք ինչ-որ բան կփոխհատուցենք և նորը կկառուցենք։ Խնդիրն այն է, որ ապամոնտաժումը շոշափելի արդյունք է, այն կարելի է տեսնել։ Իսկ կառուցումը առայժմ միայն խոստում է։ Այդ նախագծերը դեռ իրականացված չեն, գործնականում մենք դրանք չենք տեսել։ Կյանքի կկոչվե՞ն դրանք, թե՞ ոչ, մեծ հարց է։ Բայց առաջարկը հնչում է միանշանակ՝ նախ քանդել եղածը»,-եզրափակել է փորձագետը: