«Խոստովանություն. ես՝ Սերգո Փարաջանովը» ներկայացումը՝ Ախմետելիի թատրոնում

08 Սեպտեմբերի 2023, 00:09

Մշակույթ

Սեպտեմբերի 15-ին, 16-ին և 17-ին Թբիլիսիի Ախմետելիի թատրոնում կկայանա թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի վերջին` ինքնակենսագրական կինոսցենարի հիման վրա բեմադրված «Խոստովանություն. ես՝ Սերգո Փարաջանովը» ներկայացման պրեմիերան։

Ախմետելիի թատրոնից հայտնում են, որ ներկայացումը նվիրված է մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին։

Ներկայացման ստեղծմանն աջակցել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը։ Բեմադրության ռեժիսորը Իրակլի Գոգիան է, նկարիչները՝ Իրենա Օհանջանովան, Գիորգի Կաուլաշվիլին: Դերասանական կազմում են Գիորգի Գասվիանին, Նինո Ցիմակուրիձեն, Էլենե Բեժիաշվիլին, Գիորգի Փիրանիշվիլին, Բորիս Ղլոնտին, Ջորջ Դվալիշվիլին և Անանո Գուլեդանին:

Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին: Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարելիս է եղել ինքնակենսագրական «Խոստովանություն» ֆիլմը, որը, սակայն, անավարտ է մնացել: Կյանքի վերջին օրերին, Թբիլիսիի իր տանն անկողնուն գամված է եղել, երբ որոշել է տեղափոխվել Հայաստան:

Փարաջանովին նվիրված՝ շուրջ 20 ֆիլմ է նկարահանվել: 1991 թվականից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից տեղափոխած կահ-կարասին: