Խոզնավար և Խնածախ գյուղերում ադրբեջանական զինուժի կրակոցի ձայներ են հնչել. Վաղատուր գյուղի վարչական ղեկավար
26 Մարտի 2025, 18:42
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար և Խնածախ գյուղերում վերջին օրերին, այդ թվում՝ այս գիշեր, ադրբեջանական զինուժի կրակոցների ձայներ են հնչել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի Վաղատուր գյուղի վարչական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:
«Ես լսել եմ, որ Խոզնավար և Խնածախ գյուղերում կրակոցի ձայներ են հնչել, լսվել, իրենցից եմ լսել, բայց իմեննո պրիցելով ոչ մեկի վրա չեն կրակում, օդ են կրակում: Իրենց մոտ Բայրամ է (տոն), երևի խմում են ու կրակում: Խոսքը վերջին 4-5 օրվա մասին է, այս գիշերվա հետ կապված էլ եմ լսել, որ կրակոցի ձայներ են լսվել Խոզնավարում և Խնածախում»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ վերջին օրերին լուրեր էին շրջանառվում ադրբեջանական զինուժի կրակոցների մասին: Պաշտպանության նախարարությունը նախօրեին՝ մարտի 25-ին, հաստատեց, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, սակայն ըստ պաշտպանական գերատեսչության, դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։
«Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»,- ասվում էր ՊՆ հաղորդագրության մեջ: