Ղրիմի հայ համայնքը շահել է Թեոդոսիայի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաբերյալ դատական գործը

30 Մարտի 2024, 15:37

Հայեր

Կրասնոդարի Վճռաբեկ դատարանը մարտի 28-ին մերժել է Թեոդոսիա քաղաքի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու տարածքում գտնվող հողերի նախկին սեփականատերերի բողոքը՝ վերաքննիչ ատյանի որոշումը թողնելով ուժի մեջ: Այս մասին հայտնում է «Ղրիմի հայկական հասարակություն» տելեգրամյան ալիքը։

Հիշեցնենք, որ Սուրբ Գևորգի եկեղեցու անվտանգության գոտում, որը դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է, իրականացվել է բնակելի շենքերի ապօրինի շինարարություն: 2019 թվականից Ղրիմի հայ համայնքի և իշխանության մարմինների կողմից միջոցներ են ձեռնարկվել ճարտարապետական հուշարձանի պահպանման ուղղությամբ։ Թեոդոսիայի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաբերյալ երկու դատական գործերն էլ հայ համայնքը հաղթել է։

«Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ով իր հնարավոր մասնակցությունն ունեցավ Թեոդոսիայի Սուրբ Գևորգ եկեղեցու հողերի վերադարձին։

Այսօրվա դրությամբ բոլոր 4 հողամասերը վերադարձվել են պետությանը։ Միասին մենք կարողացանք պահպանել և վերականգնել մեր հոգևոր ժառանգությունն ապագա սերունդների համար»,- նշել է Ղրիմի հայկական ընկերության նախագահ Գեորգի Հակոբյանը։