Ղրիմում փլուզվել է 15-րդ դարի հայկական եկեղեցին, որտեղ պսակադրվել է Հովհաննես Այվազովսկին
17 Մարտի 2026, 20:40
Ղրիմում փլուզվել է 1408 թվականին կառուցված Միքայել և Գաբրիել Հրեշտակապետաց հայկական եկեղեցու մի մասը։ Տաճարն ընդգրկված է Ուկրաինայի և Ռուսաստանի մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում։ Ավելի վաղ՝ հունվարին, նույն վայրում փլուզվել էր նաև զանգակատունը։
Փետրվարին Թեոդոսիայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կիմը խոսել էր տաճարի հետազոտման պլանների մասին։ Վերջին անգամ այն վերականգնվել էր դեռևս 1968-ին, իսկ այժմ նախատեսվում է նոր ուսումնասիրություն և տեխնիկական եզրակացություն՝ հասկանալու դրա իրական վիճակը։
Մարտի 7-ին զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մշակութային ժառանգության օբյեկտի ոչ պատշաճ պահպանման փաստով։ Հետաքննության վարկածով՝ չնայած պատերի ճաքերին և զանգակատան փլուզմանը, վերականգնման աշխատանքներ չեն ձեռնարկվել:
Հարկ է նշել, որ 1848 թվականին այս եկեղեցում է պսակադրվել աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին իր առաջին կնոջ՝ Յուլյա Գրևսի հետ։