«Յամալ» ավիաընկերության ինքնաթիռն անվանակոչվել է Արթուր Չիլինգարովի անունով

21 Սեպտեմբերի 2024, 12:56

Հայեր

ՌԴ Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի կառավարության որոշմամբ՝ «Յամալ» ավիաընկերության ինքնաթիռն անվանակոչվել է լեգենդար բևեռախույզ Արթուր Չիլինգարովի անունով:

Superjet 100-ը կգործարկվի տեղական ուղղություններով, իսկ առաջին չվերթներն արդեն իրականացվել են Սալեխարդից Տյումեն և հակառակ ուղղությամբ: Թռիչքի ընթացքում բոլոր ուղևորները կկարողանան ծանոթանալ նշանավոր բևեռախույզի կենսագրությանը. դիմացի նստատեղի գրպաններում տեղադրված են հատուկ բուկլետներ:

Ակադեմիկոս, բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը մահացել է 2024թ-ի հունիսի 1-ին: Սեպտեմբերի 25-ին նա կդառնար 85 տարեկան:

Նրա անունը անքակտելիորեն կապված է Յամալի և Արկտիկայի հետ։ Բևեռախույզն ավելի քան 60 տարի նվիրել է Հյուսիսի ուսումնասիրությանը: Նա անձամբ չափել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի խորքերը, աշխարհում առաջին անգամ մեկ շարժիչ ունեցող ինքնաթիռով հասել է Հարավային բևեռ, ղեկավարել «Միխայիլ Սոմով» հետազոտական նավը փրկելու և Անտարկտիկայի Մոլոդեժնայա կայանից 150 բևեռախույզների տարհանման գործողությունները:

Հիմա եթերում