Յանա Եգորյանը՝ Մոսկվայի մարզի սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահ

21 Մարտի 2025, 09:20

Հայեր | Սպորտ

Հայազգի սուսերամարտիկ, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության վեցակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանն ընտրվել է Մոսկվայի մարզի սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահ: Այս մասին մարզուհին հայտնել է սոցցանցերում։

«Ավելի քան 20 տարի իմ կյանքն անքակտելիորեն կապված է սուսերամարտի հետ, և մինչ օրս ես ներկայացնում եմ Մոսկվայի մարզն ու Խիմկի քաղաքը տարբեր մակարդակի մրցումներում: Սպորտն ինձ համար ամեն ինչ է։ Եվ ես ամեն օր բոլոր ջանքերը գործադրում եմ Մերձմոսկվայում և ընդհանրապես Ռուսաստանում սուսերամարտի զարգացման համար:

Ինձ համար առաջնահերթություն է մանկական սպորտի զարգացումը: 2024 թվականից իրականացնում եմ Յանա Եգորյանի Գրան պրի շարքը: Մրցաշարեր են անցկացվում Խիմկիում, Տոլյատիում, Սանկտ Պետերբուրգում, Պենզայում, իսկ մասնակիցները մինչև 15 տարեկան երեխաներն են:

Անցյալ տարվա նոյեմբերին հաջողությամբ անցկացվել են Համառուսաստանյան մրցումներ օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի մրցանակների համար: Ավելի քան 300 աղջիկ և տղա պայքարել է հաղթանակի և արժեքավոր մրցանակների համար: Իհարկե, դեռ շատ աշխատանք կա անելու, և ամեն ինչ նոր է սկսվում: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին իմ թեկնածությունը պաշտպանելու համար։ Վստահ եմ, որ նոր պաշտոնում կկարողանամ օգտակար լինել մեր սիրելի սուսերամարտին»,- գրել է Եգորյանը։

Հիմա եթերում