Ընդդիմության հաղթանակը կկանխեր ՔՊ-ի քայլերը Վեհափառի դեմ․ Ալեն Ղևոնդյան
18 Նոյեմբերի 2025, 20:17
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Alpha News-ի ուղիղ եթերում անդրադարձել է Վաղարշապատ համայնքի ընտրություններին և և նշել, թե ինչ հետևություններ պետք է անել դրանից։
«Ինֆորմացիայի տեսանկյունից սա օգտակար էր, քանի որ ընտրություններ են լինելու 2026 թվականին, հետևաբար ցանկացած իրավիճակային զարգացում բավական օգտակար ինֆորմացիա է տալիս հետագա քաղաքական պլանավորման տեսանկյունից։ Եթե ընդդիմությունը հաղթեր Էջմիածնում, միանգամից 2 կարևորագույն խնդիր էր լուծելու։ Նախ՝ թույլ չէր տալու, որ ՔՊ-ն՝ Նիկոլի ղեկավարությամբ, փորձի Վեհափառի դեմ գործողություններ իրականացնել, դա կլինի հանրահավաք, թե հարձակում Վեհարանի վրա։ Երկրորդն այն էր, որ Էջմիածին համայնքում 2026 թվականի ընտրությունների ժամանակ հնարավոր կլիներ վերացնել ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը։ Այո, առնվազն, այս երկու հանգամանքը շատ կարևոր է»,- ընդգծել է Ղևոնդյանը։
Նրա խոսքով՝ այս ընտրությունները մի շարք նոր ֆիգուրանտների ցույց տվեց, որ միայնակ, երբեմն նաև ամպագոռգոռ տեքստերով հնարավոր չէ քաղաքական օրակարգի մեջ մտնել։
Քաղաքագետը նաև նշել է, որ Հայաստանում ընտրական օրենսգիրքը վաղուց փոփոխվել է։
«Ցանկացած տեղական ինքնակառավարման ընտրություն, մեծ հաշվով քաղաքական ընտրություններ են։ Բայց այդ ընկալումը հասարակությունը չունի, որովհետև երբ ընտրություններն ավարտվում են, և մարդիկ սկում են քաղաքացիական կյանքով ապրել, իրենց խնդիրների լուծման համար գնում են և համայնքի ղեկավարին են դիմում, իրենց համար դրանք քաղաքական բովանդակություն չունեն։ Գործող վարչապետի համար, իհարկե, դրանք քաղաքական ընտրություններ են, և Վեհարանի վրա հարձակման պատասխանատվությունը նա ինչ-որ չափով դնելու է ընտրողների վրա։ Ասելու է՝ դուք ինձ ընտրեցիք, չէ՞, ես ասեցի՝ պիտի փոփոխություններ անեմ, դե դուք էլ այդ ամեն ինչի մի մասն եք»,- եզրափակել է Ղևոնդյանը։