Ընդդիմությունը կհամաձայնի միայն իր հաղթանակի հետ. Վասո Կապանաձե

21 Հոկտեմբերի 2024, 21:30

Քաղաքականություն

Վրացի քաղաքագետ Վասո Կապանաձեն Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Թբիլիսիում ընդդիմության երեկվա հանրահավաքը, գալիք խորհրդարանական ընտրությունները և դրանց հետ կապված հնարավոր քաղաքական ռիսկերը։

«Ցուցարարների թիվը, իհարկե, ևս մեկ առիթ է շահարկումների համար, թե իրականում քանի մարդ է եղել այնտեղ։ Ընդդիմությունը պնդում է, որ այնտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են եղել, չնայած իրականում ընդամենը մոտ 15-16 հազար մարդ է եղել։ Սա այն թիվն է, որ կարողացել են հավաքել Վրաստանի եվրոպական զարգացման կողմնակիցները, մարդիկ, որոնք ջատագովն են այն բանի, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ, այլապես Վրաստանի գործերը վատ կլինեն։ Քանակն, իհարկե, որոշակի գործոն է։ Առավել ևս, որ ընտրություններին մնացել է ընդամենը 5 օր։ Եվ աստիճանաբար, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ ընտրությունների մոտենալուն պես կրքերն ավելի կթեժանան»,- կարծում է Կապանաձեն։

Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ Վրաստանում իրադարձությունները ընտրություններից հետո կարող են զարգանալ տարբեր սցենարներով, որոնց թվում կարող են լինել նաև ընդդիմության արմատական բողոքի ցույցերը։

«Ընդդիմությունը կհամաձայնի միայն իր հաղթանակի հետ։ Այլ տարբերակ նրանք չեն տեսնում, քանի որ ընդդիմությունը ենթադրում է, որ ներկայիս իշխանությունները կհավաքեն 30 տոկոսի 25 տոկոսը, իսկ իրենք՝ իշխանության ներկայացուցիչները, ակնկալում են, որ իրենց թիվը կլինի 60 տոկոս։ Եվ, համապատասխանաբար, տրամադրություններն ու սպասումները բոլորովին տարբերվում են միմյանցից։

Սա վկայում է այն մասին, որ ընտրություններից առաջ վրացական հասարակությունում բևեռացվածության մակարդակը շատ բարձր է և՛ ընտրողների շրջանում՝ կախված նրանից, թե որ կողմն է նրանց համակրանքը, և՛ քաղաքական ուժերի միջև, այսինքն՝ իշխանության և ընդդիմության միջև։ Ուստի դժվար է ասել, թե այս ամենն ինչով կավարտվի, բայց ամենայն հավանականությամբ, ընտրողների կեսից ավելին կքվեարկի ներկայիս իշխող կուսակցության օգտին։

Բայց ամեն դեպքում, սրանից ելնելով որոշակի դժվարություններ կլինեն, և դժվարությունները կարող են նույնիսկ ծայրահեղ բնույթ կրել՝ ելնելով նրանից, որ եթե այս ընտրություններում հաղթի ներկայիս իշխող կուսակցությունն, ապա արևմտյան կառույցները չեն ճանաչի այդ ընտրությունների արդյունքները և Վրաստանում իրենց ներկայացուցիչների, ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և նրանց աջակցող լրատվամիջոցների օգնությամբ կփորձեն ապակայունացնել իրավիճակը»,- ընդգծել է փորձագետը։