Ընդդիմությունը պետք է աշխատանքով զբաղվի, ոչ թե դրա իմիտացիայով. Բենիամին Մաթևոսյան
05 Հուլիսի 2023, 19:36
Հայաստանի իշխանությունը բանակցում է ոչ թե Արցախի, այլ Հայաստանի կարգավիճակի մասին: 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպմանը նրանք Արցախը հանձնել են Ադրբեջանին, իսկ հիմա բանակցում են, թե ինչ կարգավիճակ պիտի ունենա Հայաստանը՝ թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի շրջանակում: Alpha Newsroom-ի ուղիղ եթերում այս համոզմունքն է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
Հարցին՝ ի՞նչ ճանապարհ կա դա թույլ չտալու, Մաթևոսյանը շեշտել է՝ նախ հարկավոր է հանրությանը հստակ առաջարկներ ներկայացնել:
«Քայլերը հասկանալու համար պետք է հայացք նետել պատմությանը: Ղարաբաղյան շարժումն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ այն փուլերով, որով մենք հիմա անցնում ենք, Արցախում անցել են դեռևս 30 տար առաջ՝ սկսած ստորագրահավաքներից, փաստաթղթերի փաթեթ ներկայացնելուց, մինչև հանրահավաքներ: Հեծանիվ հորինելու կարիք չկա: Ղարաբաղյան շարժումն առաջարկեց ամբողջական փոփոխությունների փաթեթ: Դա, ի վերջո, հանգեցրեց միասնականության՝ մարդիկ իրենց սեփականատեր զգացին: Հայաստանի քաղաքական դաշտը պետք է ամբողջական, ֆունդամենտալ փոփոխությունների փաթեթ ներկայացնի հասարակությանը՝ առողջապահությունից մինչև տնտեսություն», — ասել է քաղաքագետը:
Բենիամին Մաթևոսյանի համոզմամբ՝ ընդդիմությունն անելիք ունի, բայց ամբողջ ծավալով չի լծվում գործին:
«Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունը աշխատանքով զբաղվի, այլ ոչ թե աշխատանքի իմիտացիայով: Հայաստանում մարդիկ խոսում են, բայց ոչինչ չեն անում: Ընդդիմությունը պետք է տնետուն գնա, լսի մարդկանց, նրանց բացատրի, հայեցակարգ ներկայացնի: Եթե ոչինչ չանեն և միայն լոզունգներով հարցարզույցներ տան, ապա դա ոչնչի չի ծառայի: Քայլեր չեն ձեռնարկում, բայց վերջում մեղադրում են ժողովրդին», — նկատել է քաղաքագետը:
Նրա պնդմամբ՝ հարկավոր է մարդկանց հայեցակարգ ներկայացնել՝ սոցիալական, տնտեսական հարցրերից մինչև անվտանգությանն առնչվող տեսլականներ:
Մանրամասները՝ տեսանյութում: