Ընթանում է Հայաստանի նոր իմիջի կառուցման գործընթացի նախապատրաստումը. Ալեքսանդր Ցինկեր

18 Նոյեմբերի 2024, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է այն տեղեկատվությանը, որ Արևմուտքը թույլ է տվել Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի ուղղությամբ, Հայաստանում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հավանականությանը Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն գալուց հետո:

Քաղաքագետի կարծիքով՝ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները, հավանաբար, կապված են Հայաստանի ինչ-որ նոր իմիջի կառուցման գործընթացի նախապատրաստման հետ:

«Վարչապետի արտահայտությամբ խոսքն այն մասին է, որ սկսվում է պետության կառավարման նոր փուլ, երևի նոր նպատակներ, նոր գործառույթներ են դրվելու։ Հավանաբար, ինչ-որ փուլում պետք է վերլուծություն անել, որն իրականացվել է ընտրությունների պահից մինչև այսօր։ Հիմա երևի ուրիշ իմիջ է պետք ստեղծել, բառի լրիվ իմաստով, երևի դրա համար էլ վարչապետը սափրել է մորուքը, հիմա էլ նոր իմիջ ունի։ Այսինքն, այդ ամենն ընթանում է թե ղեկավարի, թե ողջ կառավարության, թե Հայաստանի ինչ-որ նոր իմիջի կառուցման գործընթացի նախապատրաստման ոգով», — ասել է Ցինկերը։

Անդրադառնալով Արևմտյան երկրների թույլտվությանը Ուկրաինային՝ հեռահար սպառազինություն օգտագործել ռուսական տարածքի դեմ, ըստ փորձագետի, դա Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու փորձ է:

«Այն, ինչ ասել է Բայդենը, նկատի է ունեցել հրթիռների տեսակներից մեկը, քանի որ մի մասն արդեն օգտագործվում է, մի մասը դեռ չկա։ Սպիտակ տունը դա վերջնականապես չի հաստատել։ Դրանից հետո եղավ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հայտարարությունը, որ իրենք ևս պատրաստ են տալ այդ թույլտվությունը։ Հետո այդ հայտարարությունների մի մասը հանվել է կայքերից, բայց կամաց-կամաց իրավիճակը սրվում է։ Հաճախ խաղաղությանը պատրաստվելուց առաջ սկսվում է ռազմական գործողությունների ակտիվացումը։ Ինչպես, օրինակ, Իսրայելում: Այժմ խոսվում է այն մասին, որ արդեն կան շանսեր ՄԱԿ-ի որոշման հիման վրա Իսրայելի և Լիբանանի միջև ինչ-որ համաձայնագիր կնքելու, սակայն ակտիվացել են ռազմական գործողությունները։ Նույնը միանգամայն հնարավոր է նաև այստեղ։ Այն, որ Արևմուտքն ուկրաինացիներին թույլ է տվել ավելի ակտիվ օգտագործել իրենց սպառազինությունը, Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու փորձ է», — ասել է Ցինկերը։

Խոսելով Թրամփի գալով Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հավանականության մասին՝ փորձագետն ասել է.

«Թրամփը հայտարարել է, որ եկել է ոչ թե պատերազմ սկսելու, այլ պատերազմներն ավարտելու։ Այսպիսով, մենք հույս ունենք, որ պատերազմներն իսկապես կավարտվեն։ Երբ մարդիկ գալիս են Սպիտակ տուն և սկսում են աշխատել, բնականաբար, յուրաքանչյուր նախարար, կամ, ինչպես իրենց անունն է, քարտուղար, նրանք անում են այն, ինչն առաջին հերթին լավ է Ամերիկայի համար։ Եվ այսպես, յուրաքանչյուր արարք, որը կապված կլինի Մերձավոր Արևելքի հետ, այն կդիտվի պրիզմայով, իսկ թե որքանով է դա լավ Ամերիկայի համար։ Օրինակ՝ Իսրայելը ցանկանում է հարձակվել Իրանի վրա։ Ամերիկան կդիտարկի, թե որքանով է դա լավ Ամերիկայի համար։ Բայց ես ուշադրություն եմ հրավիրում նրա վրա, որ ընտրություններից հետո՝ Թրամփի հաղթանակից հետո, Իրանում մի փոքր փոխվել է հռետորաբանությունը։ Նրանք վախենում են Թրամփի իշխանության գալուց և իսրայելամետ կառավարության ձևավորումից»։

Հարցազրույցի ընթացքում փորձագետը մեկնաբանել է նաև տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանն ու Իրանը քննարկում են Ադրբեջանից մինչև Պարսից ծոց երկաթուղու կառուցումը: