Ընտրություններից հետո ԱՄՆ-ի քաղաքականության մեջ հիմնարար արտաքին քաղաքական փոփոխություններ չեն լինի. Դմիտրի Սուսլով

03 Նոյեմբերի 2024, 10:30

Կարծիք | Քաղաքականություն

Բարձրագույն տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համապարփակ հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահական ընտրություններին։

«Ով էլ պարտվի՝ Թրամփը կամ Հարիսը, նրանք ավելի քիչ հավանական է, որ ընդունեն պարտությունը: Դա պայմանավորված է նրանով, որ եթե 2020-ին սոցիոլոգիան ցույց էր տալիս՝ Թրամփը պետք է պարտվեր Բայդենին, ապա այժմ սոցիոլոգիան ցույց է տալիս, որ թեկնածուները բացարձակապես հավասար հնարավորություններ ունեն: Որոշ սոցհարցումներ ցույց են տալիս Թրամփի շատ աննշան առավելությունը, Հարիսի շատ աննշան առավելությունը, և մոտավորապես հավասար իրավիճակ է ստեղծվել տատանվող Նահանգներում, որոնք հենց ազդում են ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա, կանխորոշում են այս կամ այն թեկնածուի հաղթանակը։ Այս իրավիճակում ամեն ինչ կլուծվի ձայների շատ աննշան գերակշռությամբ այս տատանվող նահանգներում, և դա էլ ավելի նախադրյալներ է ստեղծում մեքենայությունների, կեղծիքների և այլնի մեղադրանքների համար: Իհարկե, այդ մեղադրանքները կլինեն», — ընդգծել է Սուսլովը։

Փորձագետի կարծիքով՝ ընտրություններից հետո ԱՄՆ-ի քաղաքականության մեջ հիմնարար արտաքին քաղաքական փոփոխություններ տեղի չեն ունենա:

«Նախ՝ Ամերիկան կընկղմվի երկարատև ներքաղաքական ճգնաժամի և անկայունության շրջանի մեջ։ Բևեռացման պառակտումը և ներքաղաքական պայքարը Ամերիկայում ոչ մի դեպքում չի դադարի և չի թուլանա ընտրություններից հետո։ Եվ այս իրավիճակում ուղղակի անհնար կլինի արտաքին քաղաքական ինչ-որ կտրուկ փոփոխություններ կատարել։ Երկրորդ՝ և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները հասկանում և համաձայն են, որ Ամերիկան չի կարողանա միաժամանակ պատերազմել մի քանի մեծ տերությունների հետ: Ե՛վ հանրապետականները, և՛ դեմոկրատներն արդեն պնդում են, որ Ամերիկան պետք է ինչ-որ կերպ ավելի կոշտ դնի առաջնահերթությունները, ավելի հստակ կենտրոնանա գլխավորի վրա: ԱՄՆ-ում կոնսենսուս կա, որ գլխավոր ռազմավարական հակառակորդը Չինաստանն է։ Ուստի ով էլ հաջորդ տարվա հունվարի 20-ին իշխանության գա, նրանք անխուսափելիորեն կուժեղացնեն իրենց կենտրոնացումը Չինաստանի վրա և կփորձեն սահմանափակել իրենց ծախսերը եվրոպական հարցերում», — նշել է Սուսլովը։