ՅՈՒՆԵՍԿՕ-ում արժեւորել են Ներսես Շնորհալու ստեղծագործական ժառանգությունը

30 Հունիսի 2023, 11:55

Մշակույթ

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված եզրափակիչ միջոցառումը՝ «Հովեր» երգչախմբի համերգը։

Համերգին ներկա են եղել ՅՈԻՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր, Ֆրանսիայի գիտական շրջանակների ներկայացուցիչներ, քույր եկեղեցիների հոգևոր հայրեր:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդո Ֆիրմին Մատոկոն, ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը միջոցառման մասնակիցներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքը:

Բանախոսներն արժևորել են Ներսես Շնորհալու ստեղծագործական ժառանգությունը, նրա դերակատարությունը համաքրիստոնեական արժեքների տարածման գործում։

Ողջույնի խոսքերին հետևել է համերգային ծրագիրը՝ կազմված հայ հոգևոր միջնադարյան շարականների, Կոմիտասի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Երգչախումբը ներկայացրել է նաև եվրոպական հոգևոր երաժշտություն։ Համերգն ուղեկցվել է թեմատիկ տեսաշարով։

Ներսես Շնորհալին միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր էր: Նա հեղինակել է հարյուրավոր օրհներգեր, որոնք հարստացրել են հայ եկեղեցու պատարագների և ժամերգությունների երգասացությունները, կատարելագործել է հոգևոր երգերի եղանակները, բարեկարգել և ճոխացրել եկեղեցական պաշտոներգությունը: Հայ եկեղեցին սահմանել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան: