Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն այն չի կարող ուղեկցվել բռնությամբ կամ ատելության խոսքով․ ՄԻՊ
30 Մարտի 2026, 16:20
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարտի 30-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:
Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ՝ իշխանությունների գործունեության վերաբերյալ քննադատական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, որևէ իրավունքի իրացում չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով և այլն։
Պաշտպանը կարևորում է դեպքի բոլոր հանգամանքների անկախ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը պահանջում է իրավասու մարմիններից ցանկացած գործողություն իրականացնելիս պահպանել իրավաչափության սկզբունքը, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, երաշխավորել քաղաքացիների բոլոր իրավունքների պատշաճ իրացումն ու պաշտպանությունը: Այս առումով Պաշտպանը շարունակելու է հետևել իրավիճակին` քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով: