Յուրի Հարությունյան․ Կինոյի համար գրված նրա հրաշալի երգերը շատերն են հիշում

25 Մարտի 2024, 23:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Յուրի Հարությունյանը ծնվել է 1944 թվականի մարտի 25-ին Կիրովաբադում։ 1972 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

1967 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝որպես երաժշտական ձևավորող, ապա՝ երաժշտական խմբագիր, իսկ Փարաջանովի հետ աշխատել է «Նռան գույնը» հնչյունավորման վրա։

Կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը երաժշտություն է գրել ավելի քան 70 ֆիլմերի համար, այդ թվում՝ «Մարդն «Օլիմպոսից», «Զինվորն ու փիղը», «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում», «Մեր պապերի քայլերգը», «Սիրամարգի ճիչը», «Անիծվածները», «Ձայն բարբառոյ», «Ուրախ ավտոբուս», «Ռեքվիեմ», «Խենթ հրեշտակը», «Հերոստրատ», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլն։ Գրել է նաև մի քանի վավերագրական ֆիլմերի երաժշտություն։

1996 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միությունում բացել է «Բրևիս» երաժշտական ձայնագրման ստուդիան և եղել դրա ղեկավարը։ 2004 թվականից մինչև 2013 թ․ եղել է հայ կոմպոզիտորների կազմակերպության գործադիր քարտուղարը։ 2012 թվականին Յուրին դարձել է «Հայք» մրցանակի դափնեկիր «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում և արժանացել ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։

Անսպառ լավատես, 70-ականների երիտասարդության չծերացող սերնդի իսկական ներկայացուցիչ Յուրի Հարությունյանը հավերժ հավատարիմ է մնացել իր երիտասարդության լավագույն պատվիրաններին ՝ մասնակից լինել այն ամենին, ինչ կատարվում է իր շուրջը, իր երկրում և ամբողջ աշխարհում:

Յուրի Հարությունյանը մահացել է 2019 թվականի օգոստոսի 23-ին՝ 75 տարեկան հասակում։