Յուրի Հայրապետյան․ հայտնի ու տաղանդաշատ դաշնակահարը

22 Հոկտեմբերի 2024, 23:45

Հայեր

Հոկտեմբերի 22-ը խորհրդային և հայ անվանի դաշնակահար, մանկավարժ, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Հայրապետյանի ծննդյան օրն է։

Յուրի Հայրապետյանը ծնվել է Երևանում 1933թ. հոկտեմբերի 22-ին: Հիսունականների կեսերին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, իսկ 1960 թվականին՝ ասպիրանտուրան։ Կարճ ժամանակահատվածում Հայրապետյանը շատ նկատելի հաջողությունների է հասել, նա նաև դարձել Է Վարշավայում կայացած Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի և Բրյուսելում Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի դափնեկիր:

Զուգահեռաբար Հայրապետյանը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, եղել է դոցենտ, պրոֆեսոր և երկար տարիներ դաշնամուրային ֆակուլտետի դեկան:

1994 թվականին Յուրի Հայրապետյանը դարձել է արդեն Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Երաժիշտը վարպետության դասեր է տվել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում և այլ երկրներում՝ Ֆրանսիա, Հարավսլավիա, Հարավային Կորեա, Ղազախստան:

Դաշնակահարը բազմիցս հանդես է եկել նվագախմբերի հետ՝ մեր ժամանակների նշանավոր դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Ռոժդեստվենսկին, Կոնդրաշինը, Ռախլինը, Գերգիևը, Մանսուրովը և այլք։ Հայրապետյանը հանդես է եկել նաև Արամ Խաչատրյանի հեղինակային համերգներում՝ Մաեստրոյի ղեկավարությամբ։

Յուրի Հայրապետյանը կյանքից հեռացել է 2021 թվականի ապրիլի 19-ին, թաղված է Մոսկվայի Վոստրյակովյան գերեզմանատանը։