Յուրի Հովհաննիսյանն ու Արտյոմ Օհանովը կարող են հավակնել Նոբելյան մրցանակի

10 Հոկտեմբերի 2024, 16:00

Կրթություն | Հայեր

Ռուս առաջատար գիտնականները ենթադրել են, թե համաշխարհային հետազոտողներից ով կարող է ստանալ 2024 թվականի Նոբելյան մրցանակը, և անվանել են այն հետազոտությունները, որոնք արժանի են ճշգրիտ գիտությունների ոլորտում ամենահեղինակավոր մրցանակին: Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը։

Փորձագետները վստահ են, որ ռուս գիտնականներից մրցանակին առավել արժանի է անվանի գիտնական, փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառի մասնագետ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Դուբնայի համալսարանի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Յուրի Հովհաննիսյանը և հայազգի աշխարհահռչակ գիտնական, բյուրեղագետ-քիմիկոս, Սկոլտեխի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, МИСиС-ի պրոֆեսոր, Եվրոպական ակադեմիայի անդամ Արտյոմ Օհանովը:

«Եվ չնայած վերջին տարիներին մրցանակաբաշխությունն իրեն խիստ վարկաբեկել է ավելորդ քաղաքականացման պատճառով, սակայն դրան այլընտրանք դեռ չկա, կարծում են գիտնականները», — ասվում է հոդվածում:

Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Ռուսաստանի Դ. Ի. Մենդելեևի անվան պետական համալսարանի գիտական ղեկավար Ալեքսանդր Մաժուգայի, ռուս հետազոտողներից քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանի միջուկային ֆիզիկոս և քիմիական տարրերի շարքի հայտնագործող Յուրի Հովհաննիսյանը: Հայազգի ֆիզիկոսը Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրել է 1 տարրով: Այն անվանվել է տարրը հայտնաբերած գիտնականի անունով` Oganesson (Og):
Իսկ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջակա միջավայրի և էկոլոգիայի մոնիտորինգի գիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ռոդինի խոսքով՝ ներկայումս ապրող ռուս գիտնականներից առավել էկզոտիկ պայմաններում խտացրած նյութի տեսական մոդելների ստեղծման համար մրցանակը պետք է ստանա Արտյոմ Օհանովը:

«Չնայած Արտյոմ Օհանովը պաշտոնապես իրեն դասում է քիմիկոսների շարքին, նրա ստեղծած մոդելները գտնվում են քվանտային մեխանիկայի, ֆիզիկայի, պինդ մարմնի քիմիայի և արհեստական ինտելեկտի խաչմերուկում։ Սա ակնառու ձեռքբերում է շրջակա նյութի բնույթի իմացության մեջ: Որպես ռուսաստանցի գիտնական՝ Օհանովը դժվար թե առաջիկայում Նոբելյան մրցանակ ստանա։ Բայց այն, որ նրա թիմի աշխատանքները միանգամայն ձգում են դեպի Նոբելյան մակարդակի, ինձ համար կասկածից վեր է»,- ասել է նա։

Հիմա եթերում