Յուրի Հովհաննիսյանը՝ աշխարհի ամենաշատ մեջբերվող գիտնականների լավագույն 2%-ի ցանկում

27 Սեպտեմբերի 2025, 20:10

Հայեր

Աշխարհահռչակ հայազգի գիտնական, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանն ընդգրկվել է աշխարհի ամենաշատ մեջբերվող գիտնականների լավագույն 2%-ի ցանկում։

Սթենֆորդի համալսարանը նախօրեին հրապարակել է 2024 թվականին ամենաշատ մեջբերվող գիտնականների ցանկը։

«Մարտահրավեր» մրցանակի գիտական կոմիտեի նախագահ Արտյոմ Օհանովը, որը նույնպես ներառվել է այց ցուցակում, նշել է, որ նման վարկանիշները ցույց են տալիս գիտնականների ակտիվությունն ու նրանց գիտական աշխատանքների պահանջված լինելը։

Յուրի Հովհաննիսյանը շարունակում է գիտական գործունեությունը, ինչպես նաև հանդիսանում է OGANESSON մրցանակի հիմնադիրը։ Ականավոր գիտնականի անունով է կոչվել Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը՝ «Օգանեսոն»-ը (Og)։ Նա դարձել է առաջին ռուս գիտնականը, որի անունով իր կյանքի ընթացքում կոչվել է քիմիական տարր։ Այսօր այն պարբերական համակարգի ամենածանր և վերջին քիմիական տարրն է: