Յուրի Ջորկաեֆ՝ «Օձ»․ անկնկալների վարպետը
09 Մարտի 2026, 22:21
Յուրի Րաֆֆի Ջորկաեֆը ծնվել է 1968 թվականի մարտի 9-ին Լիոնում՝ ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆի և հայուհի Մարիա Օհանյանի ընտանիքում: Մանկուց նա շրջապատված էր ֆուտբոլի և արվեստի մթնոլորտով, իսկ նրա հայկական արմատները միշտ մնացել են նրա ինքնության կարևոր մասը:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին քայլերն արել է «Գրենոբլ» ֆուտբոլոյին ակումբում, այնուհետև հանդես է եկել «Ստրասբուր»-ում, իսկ իրական հռչակը ձեռք է բերել «Մոնակո»-ում, որտեղ դրսևորվել է որպես Ֆրանսիայի ամենատաղանդավոր հարձակվողական ոճի կիսապաշտպաններից մեկը: 1995 թվականին Ջորկաեֆը տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն», հաղթել Ֆրանսիայի գավաթը, իսկ շուտով հայտնվել է Իտալիայում, որտեղ Միլանի «Ինտեր»-ի կազմում դարձել է 1998 թվականի ՈւԵՖԱ-ի գավաթակիր։ Ավելի ուշ նա խաղացել է Գերմանիայում՝ «Կայզերսլաուտերն»-ի, Անգլիայում՝ «Բոլթոն Ուոնդերերս»-ի կազմում, իսկ կարիերան ավարտել է ԱՄՆ-ում՝ «Նյու Յորք ՄետրոՍթարզ» ակումբում:
Ֆրանսիայի հավաքականի կազմում Ջորկաեֆն անցկացրել է 82 հանդիպում և խփել 28 գոլ: Նա այն լեգենդար թիմի մասն էր, որը 1998 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ 2000 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն, 2001 թվականին էլ նվաճեց Կոնֆեդերացիաների գավաթը: Նրա «Օձ» մականունն արտացոլում էր խաղաոճը՝ մրցակիցներից խուսափելու և անսպասելի պահեր ստեղծելու ունակությունը:
Կարիերայի ավարտից հետո Յուրի Ջորկաեֆը զբաղվել է հասարակական գործունեությամբ, հիմնադրել է «Djorkaeff Foundation» հիմնադրամը, որն աջակցում է երիտասարդներին և ԱՄՆ-ում ֆուտբոլի զարգացմանը: Նա մնում է հայկական սփյուռքի խորհրդանիշը և օրինակ, թե ինչպես տաղանդն ու աշխատասիրությունը կարող են հասցնել համաշխարհային սպորտի գագաթնակետին։ Նրա անունը հավերժ կապված է ֆրանսիական ֆուտբոլի ոսկե դարաշրջանի հետ և շարունակում է մնալ համաշխարհային սպորտի պատմության մի մասը: