Յուրի Կասպարյան. Վիրտուոզ ռոք կիթառահարը

24 Հունիսի 2024, 21:52

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունիսի 24-ին հայազգի երաժիշտ, ռուսական լեգենդար «Կինո» ռոք խմբի կիթառահար Յուրի Կասպարյանի ծննդյան օրն է։

Նա հայտնի է ռուսական ռոքի ասպարեզում: Զարմանալի է, որ նա ավարտել է միայն երաժշտական դպրոցը, բայց համարվում է Ռուսաստանի լավագույն կիթառահարներից մեկը։

Յուրի Կասպարյանը ծնվել է 1963 թվականի հունիսի 24-ին Սիմֆերոպոլում։ Նրա հայրը հայ է, հայտնի միջատաբան Դմիտրի Կասպարյանը, իսկ մայրը կենսաբան Իրինա Գուսլիցն է։ Ավելի ուշ Կասպարյանների ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ։ Դեռ մանկուց Յուրին առանձնահատուկ կիրք է ունեցել երաժշտության հանդեպ, վաղ հասակից սովորել է թավջութակ նվագել։ Ժամանակի ընթացքում տարվել է արտասահմանյան ռոք խմբերի ստեղծագործությամբ և սկսել կիթառ նվագել։

80-ականների վերջին հրավիրվել է լեգենդար «Կինո» խումբ։ Յուրի Կասպարյանը հետագայում դարձավ Վիկտոր Ցոյի լավագույն ընկերը։

90-ականների սկզբին սովորել է էզոթերիկա և փիլիսոփայություն։ Համագործակցել է Սերգեյ Ռոկամբոլի «Ատրիում-Այբուբեն» արտ-խմբի հետ ՝ որպես կոմպոզիտոր մինչև 1999 թվականը։

Կասպարյանը երաժշտություն է գրել մի շարք կոնցեպտուալ նախագծերի համար՝ «Տարանավտիկա», «Արտիկուլյացիա», այդ թվում՝ ձայնագրելով ինստրումենտալ « Драконовы ключи » ալբոմը։

Արդեն 2001 թվականի սեպտեմբերին Վյաչեսլավ Բուտուսովի հետ նա հիմնել է «Յու-պիտեր» խումբը։

2017 թվականի փետրվարի 26-ին Սիբիր-Ուրալ վերջնական շրջագայությունից հետո «Յու-պիտեր» խումբը դադարել է գոյություն ունենալ:

Յուրի Կասպարյանն առաջադրվել է «Թոփ 50. Սանկտ Պետերբուրգի ամենահայտնի մարդիկ» մրցանակի «Երաժշտություն» անվանակարգում։

Ի դեպ, Յուրի Կասպարյանի նպատակն է միշտ վառ պահել պահել «Կինո» խմբի և նրա ղեկավար Վիկտոր Ցոյի հիշատակը: