Յուրի Կիրակոսյանը Կուբանի առաջին ներկայացուցիչն է Կիոկուշինկայ կարատեի Ճապոնիայի առաջնությունում

07 Սեպտեմբերի 2025, 15:18

Սպորտ

Միջազգային կարգի սպորտի վարպետ, ՌԴ Արմավիր քաղաքում բնակվող 37-ամյա Յուրի Կիրակոսյանը պատրաստվում է մասնակցել Կիոկուշինկայ կարատեի Ճապոնիայի 57-րդ բացարձակ առաջնությանը, որն աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է։ Նա կդառնա Կուբանից առաջին մարզիկը, ում հաջողվել է հասնել այս մրցույթին։

«Ինձնից առաջ մարզից ոչ ոք Ճապոնիա չէր գնացել։ Յուրաքանչյուր կարատեիստի երազանքն է պայքարել կարատեի հայրենիքում։ Ես հանդես եմ եկել Եվրոպայում, բայց Ճապոնիան իմ հատուկ նպատակն է։ Հենց դրա համար էլ չավարտեցի կարիերաս»,- ասել է Յուրին։

Ռուսաստանի հավաքականում տեղ գրավելը հեշտ չի եղել. այս տարի Ճապոնիայի ֆեդերացիան երկրին ընդամենը չորս քվոտա է տրամադրել։ Կիրակոսյանը լավագույնների թվում է հայտնվել Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակների, ռուսական մրցաշարերում նվաճած մեդալների և համաշխարհային վարկանիշում կայուն տեղի շնորհիվ։ Այժմ նա ակտիվորեն պատրաստվում է հոկտեմբերի մրցումներին․ արդեն անցկացրել է երկու մարզումային հավաք՝ Վորոնեժում և Պսեբայում։

«Պատրաստ եմ 70%-ով, առջևում դեռ մեկ ամիս կա։ Շանսերս բարձր եմ գնահատում։ Այս հաղթանակն ինձ համար ոչ միայն տիտղոս է, այլև պատմության մեջ հետք թողնելու հնարավորություն»,- նշել է մարզիկը։

Հիմա եթերում