Յուսուֆ Քարշ․ 20-րդ դարի նշանավոր լուսանկարիչը

23 Դեկտեմբերի 2024, 23:56

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Դեկտեմբերի 23-ը հայազգի աշխարհահռչակ լուսանկարչի և 20-րդ դարի լեգենդար դիմանկարիչներից մեկի ծննդյան օրն է:

Յուսուֆ Քարշը ծնվել է 1908 թվականին Մարդին քաղաքում։ Քարշի ընտանիքը Հայոց ցեղասպանության ժամանակ ստիպված է եղել փախչել Սիրիա։ Քարշի մասին գրել են.

«Հայ տղա, ով փախել է ցեղասպանությունից և դարձել 20-րդ դարի ամենաազդեցիկ դիմանկարիչներից մեկը՝ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում»։

16 տարեկանում Յուսուֆին ուղարկել են Կանադա՝ քեռի Նաղաշի մոտ ապրելու և նոր կյանք սկսելու։ Վերջինս հմուտ լուսանկարիչ էր։ Այստեղ Քարշը կրթություն է ստացել և աշխատել Նաղաշի ստուդիայում։ Նաղաշը, տեսնելով Յուսուֆի լուսանկարչական տաղանդը, նրան ուղարկում է Բոսթոն՝ լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ սովորելու։

ԱՄՆ-ում ուսումն ավարտելուց հետո Քարշը վերադարձել է Կանադա և բացել իր լուսանկարչական ստուդիան։

Մի քանի տարի անց նա կազմակերպել է իր առաջին լուսանկարչական ցուցահանդեսը։

Լուսանկարչի աշխատանքը նկատել է Կանադայի վարչապետը՝ Յուսուֆին հրավիրելով երկրի բարձրաստիճան հյուրերի դիմանկարները ֆիքսելու։

1941 թվականին Քարշը մեծ հռչակ է ձեռք բերել՝ շնորհիվ Օտտավա կատարած այցի ժամանակ բրիտանական վարչապետ Ուինսթոն Չերչիլի լուսանկարի։

Լուսանկարչին ընդամենը մի քանի րոպե է տրվել լուսանկարն անելու համար։ Հենց այս լուսանկարն էլ Յուսուֆ Քարշին միջազգային ճանաչում է բերել։

Քարշը իր կարիերայի ընթացքում հրատարակել է դիմանկարների 15 գիրք։ Նա լուսանկարել է Մուհամեդ Ալիին, Ֆիդել Կաստրոյին, Էլիզաբեթ Թեյլորին, Ջոն Քենեդիին և նրա կնոջը՝ Ժակլինին, Պաբլո Պիկասոյին, Ալբերտ Էյնշտեյնին, Էռնեստ Հեմինգուեյին, Նիկիտա Խրուշչովին և նույնիսկ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին։

90-ականների սկզբին Քարշը փակել է իր Օտտավայի ստուդիան, քանի որ ցանկանում էր ազատորեն լուսանկարել նրանց, ում սիրում էր:

Գինեսի ռեկորդների գրքում Յուսուֆ Քարշը նշվում է որպես դիմանկարային լուսանկարչության ամենակարկառուն վարպետ։ Նրա լուսանկարչական աշխատանքները ներառված են աշխարհի առաջատար թանգարանների մշտական ցուցադրություններում։

Յուսուֆ Քարշը մահացել է 2002 թվականին Բոստոնում։