Յուսուֆ Քարշ. Ցեղասպանությունից մազապուրծ լուսանկարիչը
28 Հոկտեմբերի 2023, 12:15
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Յուսուֆ Քարշը կանադահայ հայտնի լուսանկարիչ է, 20-րդ դարի նշանավոր լուսանկարիչներից մեկը:
Յուսուֆը ծնվել է 1908 թվականին Մարդին քաղաքում, Հայոց ցեղասպանության ժամանակ նա 14 տարեկան էր։ Նրա ընտանիքը ստիպված է եղել փախչել Սիրիա։ Քարշի մասին գրել են.
«Ցեղասպանությունից փախած և 20-րդ դարի ամենաազդեցիկ լուսանկարիչներից մեկը դարձած հայ տղան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում»:
16 տարեկանում ծնողները երիտասարդին ուղարկել են կանադական Քվեբեկ՝ հորեղբոր մոտ։ Եվ դա լավագույն, ճակատագրական որոշումն էր, քանի որ հենց այնտեղ Յուսուֆը կրթություն է ստացել և աշխատանքի անցել քեռի Նաղաշի ֆոտոստուդիայում։ Նաղաշն անմիջապես նկատել է Յուսուֆի տաղանդը և նրան ուղարկել սովորելու Բոստոնում:
ԱՄՆ-ում ուսումն ավարտելուց հետո Քարշը վերադարձել է Կանադա և բացել սեփական ֆոտոստուդիան։ Երեք տարի անց ներկայացվել է Յուսուֆ Քարշի առաջին լուսանկարչական ցուցահանդեսը։ Երիտասարդ լուսանկարչի աշխատանքները նկատել է Կանադայի վարչապետը՝ Յուսուֆին առաջարկելով նկարահանել երկրի բարձրաստիճան հյուրերի դիմանկարները:
Արդեն 1941 թվականին Քարշը հայտնի դարձավ Օտտավա կատարած այցի ժամանակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի լուսանկարի շնորհիվ։
Լուսանկարիչն ընդամենը մի քանի րոպե ժամանակ ուներ գեղեցիկ դիմանկար նկարելու համար։ Հենց այդ լուսանկարն է Յուսուֆին միջազգային ճանաչում բերել։
Լուսանկարչության անվանի հանճարը 1992-ին որոշել է փակել իր ստուդիան Օտտավայում, որտեղ նա արժանի կարիերա ունեցավ: Յուսուֆը, պարզապես, ցանկացել է ազատ լուսանկարել իրեն դուր եկողներին։
Լուսանկարիչը մահացել է 2002 թվականին Բոստոնում՝ թողնելով անգնահատելի ժառանգություն։
Գինեսի ռեկորդների գրքում Յուսուֆ Քարշը նշվում է որպես դիմանկարային լուսանկարի ամենանշանավոր վարպետ: Նրա լուսանկարչական աշխատանքները ներառված են աշխարհի առաջատար թանգարանների մշտական ցուցահանդեսներում: